Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշել է, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խորհրդարանական խմբերի անդամ ֆրանսիացի սենատորների և պատգամավորների ներկայացուցչական պատվիրակության այցելությունը Հայաստան և Արցախ` ընդգծելով, որ նման այցելությունները հնարավորություն են ընձեռում առաջին ձեռքից տեղեկանալու տարածաշրջանային գործընթացների մասին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ֆրանսիացի սենատորներն ու պատգամավորներն ասել են, որ տպավորված են Արցախ այցելությունից, իշխանությունների և բնակչության հետ հանդիպումներից։ Նրանց բնորոշմամբ` արցախցինները, ապրելով ոչ դյուրին պայմաններում, հաջողությունների են հասել պետակաշինության և զարգացման գործում։ Նրանք վստահեցրել են, որ շարունակելու են ջանքերը` հայ-ֆրանսիական հարաբերությունների առավել խորացման նպատակով։

Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում հայկական և ֆրանսիական պատվիրակությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների։

Նույն շարքից