«Երազախաբ Ադրբեջանը» թեմայով «Gellup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը հարցում է իրականացրել է ՀՀ տասը մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում՝ 1067 հոգու շրջանում, դեմ առ դեմ հարցման միջոցով: Հարցումն իրականացվել է օգոստոսի 8-ից 17-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացրեց կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցին, թե որոնք են ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները՝ 40% տոկոսը նշել է պատերազմական իրավիճակը, 35%-ը նշել է գործազրկությունը: Նշվել են նաև մի շարք այլ պատասխաններ:
Հարցման մասնակիցները պատասխանել են նաև օգոստոսյան՝ ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հարցերին:
«24%-ը նշել է, որ Ադրբեջանը, գիտակցելով, որ տանուլ է տալու բանակցային գործընթացում, փորձում է հրահրել նոր ռազմական կոնֆլիկտ, 24%-ը նշել է, որ այս իրավիճակը Ադրբեջանին թելադրվում է արտաքին ուժերի կողմից, 18%-ը նշել է, որ Ադրբեջանը հրահրում է ռազմական կոնֆլիկտ, որպեսզի զսպի ներքին խնդիրները, և Ադրբեջանն օգտվում է ՀՀ ներքաղաքական խնդիրներից՝ 13%-ը»,-տեղեկացրեց Արամ Նավասարդյանը:
Վերջինս ասաց նաև, որ իրականացված հարցման մեջ ներառված է եղել նաև «Վստահությունը ՀՀ ԶՈՒ հանդեպ» հարցը, որի դեպքում, ըստ նրա՝ բավական ոգևորիչ արդյունք է գրանցվել:
«56%-ը նշել է, որ վստահ է, որ ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանության բանակն ունակ են արժանի հակահարված հասցնել Ադրբեջանի ռազմական գործողություններին, 34%-ը նշել է, որ ավելի շուտ վստահ է: Ընդհանուր՝ 90% վստահություն կա հայոց բանակի նկատմամբ>,-ասաց Արամ Նավասարդյանը: