Մարդիկ թող բար լինեն իրենց գործով զբաղվեն ու գործը բացահայտեն: Դա Քենեդու սպանությունը չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Աբովյանի քաղաքապետի թեկնածու Գրիգոր Գուլյանի շտաբերից մեկի պետի ավտոմեքենան և տունն այրելու դեպքի մասին:
Ծառուկյանը նշել է, որ ամբողջ քաղաքում տեսախցիկներ կան տեղադրված, ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին, թող իրավապահներն իրենց մասնագիտական գործն անեն, իսկ եթե գործը չբացահայտվեց, ուրեմն իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի հայտարարությանը՝ գործ տալու մասին, Ծառուկյանը նշել է, որ վերջինս ոչ թե գործ տալու, այլ անհիմն հայտարարություններ անելու, բողոք գրելու մասին է խոսել:
Ծառուկյանը խոսել է նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարության մասին, որ ընտրություններում Վահագն Գևորգյանի հաղթանակն արժանապատիվ քաղաքացիների պարտությունն է: ԲՀԿ առաջնորդի խոսքերով, եթե որևիցե մեկը կարող է ժողովրդին անարժանապատիվ ասել, ուրեմն ինքն է անարժանապատիվ. «Որևիցե մեկն իրավունք չունի վիրավորելու քաղաքացիներին: Աբովյանցիներն իրենց պարտքն են կատարել՝ անկախ նրանից, թե ում են ձայն տվել: Ես աբովյանցիների արժանապատիվ ցավը տանեմ: Եթե որևիցե մեկը կփորձի աբովյանցիներից որևիցե մեկին ասել անարժանապատիվ, ուրեմն ինքն է անարժանապատիվ»: