Հայաստան 

ԲՀԿ-ն որևէ բարեփոխման դեմ չէ. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ չէ որևէ բարեփոխման, սակայն այդ բարեփոխումը պետք է իրականացնել ճիշտ ժամանակին: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք որևէ բարեփոխման դեմ չենք, սակայն այդ բարեփոխման համար հարկավոր է ճիշտ ժամանակ ընտրել: Ցանկացած լավ, առողջ գաղափար կարող է հակառակ արդյունքն ունենալ, եթե դրա իրականացման համար ճիշտ ժամանակ չընտրվի»,-ասաց Զոհրաբյանը:

 

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե այս պահին սահմանադրական բարեփոխումների մասին պետք չէ խոսել, քանի դեռ չկա հայեցակարգը, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասել է, որ Ծառուկյանի և նրա թիմակիցների տեսակետներն այս հարցում տարբերվում են: ԲՀԿ խմբակցության քարտուղարն այսպես արձագանքեց. «Պարոն Ծառուկյանն այդ հայտարարությամբ հակադարձել է այն քաղաքական ուժերին, որոնք դեռ չեն տեսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, սակայն պաշտպանում են այն: Մեր քաղաքական ուժի ղեկավարի և մեր տեսակետները չեն տարբերվում»:

 

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ ԲՀԿ-ն այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ երկրի առջև ծառացած խնդիրները կապ չունեն սահմանադրական բարեփոխումների հետ: Պատգամավորի կարծիքով, ներկայիս Սահմանադրությունը լիովին հնարավորություն տալիս է երկիրը զարգացման ճանապարհով առաջ տանելու համար: Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար կառավարման խորհրդարանական մոդելին անցումը նպատակահարմար չէ:  

 

Նույն շարքից