Հայաստան 

Սեպտեմբերի 17-ին հայտնի կլինի քառյակի հանրահավաքի օրը

analitik.am

Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը սեպտեմբերի 17-ին կհայտարարի համատեղ հանրահավաքի օրը: Այս մասին քառյակի հերթական հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Մենք որոշեցինք, որ քառյակը սեպտեմբերի 17-ին կրկին կհանդիպի ԲՀԿ խմբակցությունում, որտեղ արդեն մենք կորոշենք և կհայտարարենք հանրահավաքի օրը»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ որոշ տեխնիկական խնդիրների պատճառով այսօր չի որոշվել օրը, սակայն սեպտեմբերի 17-ին անպայման կհայտարարվի հանրահավաքի օրը:


Ռուբեն Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ քառյակը համաձայնության է եկել մինչև հանրահավաքը մարզային այցելություններ կազմակերպելու հարցում: Պատգամավորն ընդգծեց, որ դա նպատակ ունի մարզերում մարդկանց պատրաստել առաջիկա հանրահավաքին: Թե ի՞նչ հարցեր  կլինեն հանրահավաքի օրակարգում, Ռուբեն Հակոբյանը դժվարացավ պատասխանել՝ միայն ընդգծելով, որ այդ բոլոր հարցերը դեռ կքննարկեն:

 

Հարցին, թե 4 քաղաքական ուժերն արդեն տվե՞լ են հանրահավաքին մասնակցելու համաձայնություն, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Դա քննարկվելիք հարց է: Ես այս պահին չունեմ այդ հարցի պատասխանը: Սակայն կարող եմ ասել, որ դինամիկ զարգացումները ցույց են տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց պատգամավորը:

 

Քառյակի նիստի օրակարգում եղել է ևս մեկ հարց՝ քննարկվել են կառավարության ներկայացրած 12 պահանջների իրակականացման արդյունքները: Ռուբեն Հակոբյանը նշեց, որ դրա հետ կապված քառյակում արդեն միասնական դիրքորոշում կա, սակայն այդ մասին իրենք կխոսեն սեպտեմբերի 30-ին, երբ կավարտվի իրենց ներկայացրած վերջնաժամկետը:

Նույն շարքից