Հասարակություն 

Շատ վատ եմ զգում. Քոչարյանի որդին խոսեց Մարտի 1-ի զոհ Քլոյանի հոր հարցադրումների մասին

Դեռ չենք հասել բուն գործի քննությանը, բայց տեսնում ենք, որ պաշտպանները մտահոգություններ ունեն դատավորի ընտրության մասով: Այս մասին այնքան է խոսվել, որ ավելացնելու բան չունեմ: Լրագրողների  հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը՝ խոսելով Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահի գործի քննության մասին:

Անդրադառնալով Մարտի 1-ի զոհերից  Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հարցադրումներին և պատասխանելով հարցին, թե ինչ է զգում, երբ նման հարցադրումներ են արվում իրենց ընտանիքին՝ Քոչարյանի որդին ասաց, թե շատ վատ է զգում. «Մարդիկ մոլորված են, մարդկանց մոլորեցրել են: Դա կոնկրետ նպատակ է հետապնդել այն շրջանակների կողմից, ովքեր դա արել են, մարդկանց վիշտը օգտագործել են, որպեսզի հասնեն իրենց նպատակներին»:

Ինչ վերաբերում է Մարտի 1-ի սպանություններից մեկի դեպքով ձերբակալությանը, կրտսեր Քոչարյանն ասաց, որ ամենաշատն իրենք են ուզում, որ սպանությունները բացահայտվեն. «Ամենայն անկեղծությամբ եմ ասում: Շատ ցավալի է, որ այդ ամեն ինչը փորձում են մեզ հետ կապել ու որոշ մարդկանց մոտ նման տպավորություն է ստեղծվում: Թող սկսեն, պարզեն, օդից կախված չմնա: Ամենալավ բանն այն կլինի, եթե գործը բացահայտվի: Ես ուրախ եմ, որ գործն առաջ է գնում: Մարդիկ այնքան համոզված են մի բանում, որ չեն էլ ուզում մի վայրկյան մտածել, որ այդքան էլ դա այդպես չէ: Այսքան տարի դատավարություն էին պահանջում, հիմա գնում է այդ դատավարությունը»:

Լևոն Քոչարյանը հերքում է տեղեկությունները, թե իր հորն աջակցողների ակցիան ինքն է կազմակերպում ու գումար բաժանում: Նրա խոսքերով, եթե գումար բաժանելու փաստեր կան, ուրախ կլինի, որ իրեն տեղեկացնեն. «Այնքան հրապարակումներ են լինում իմ մասին: Բայց եթե մի բանը հրապարակում են, դա չի նշանակում, որ փաստ է»:

 

Նույն շարքից