Քաղաքականություն 

Փաշինյանը խոսում էր ինքն իր հետ, քանի որ իշխանության մեջ իրենից բացի այլ լեգիտիմ մարմին չկա. Ղազինյան

analitik.am

Վարչապետի հարցազրույցը առաջացրեց շատ հարցեր, բայց ամենակարևոր հարցը, թերևս, դա «ում հետ էր խոսում Փաշինյանը» հարցն է։

Վարկածները շատ են, յուրաքանչյուրն ունի իր և՛ հաստատող, և՛ բացառող փաստարկները։ Միակ վարկածը, որ չի կարելի բացառել, դա հետևյալն է. Փաշինյանը խոսում էր ինքն իր հետ, քանի որ իշխանության մեջ իրենից բացի այլ լեգիտիմ մարմին չկա։ Թվում է, թե Ազգային ժողովը լեգիտիմ է, ընտրվել է ազատ և արդարընտրություններով, սակայն լեգիտիմության հիմնական կրողը եղել և մնում է ինքը, Նիկոլ Փաշինյանը։

Հարցազրույցի ամբողջ ընթացքում ինքն իրեն փորձում էր համոզել, որ պետք է փոխել, փոխվել, գտնում և արտաբերում էր հիմնավորումներ։

Կարծես գիտակցել էր, որ բարեփոխումների օրակարգ բացակայությունը և այն արտադրելու անկարողությունը ի վերջո հանգեցնելու է իր և իր իշխանության սննկացման։

Փորձում էր սրբագրել իր՝ նախկինում արված անզգույշ ու չմտածված հայտարարություններն ու վտանգավոր գործողությունները, ներկայանալ նոր իմիջով, վերջում գալով մի կարևոր եզրակացության. կամ սկսում ենք իրական և խորքային բարեփոխումներ և փոխում ենք ժառանգություն ստացած ձախողված կառավարման համակարգը, կամ էլ հեռանում։

Հաջողվե՞ց Փաշինյանին համոզել իրեն սկսել բարեփոխումների լայնամասշտաբ գործընթաց, թե ոչ, պարզ կդառնա առաջիկա ամիսների ընթացքում։

Իսկ ես իմ կողմից կարող եմ փաստել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար իրական և համակարգային բարեփոխումներ նախաձեռնելու ռեսուրսն ու հնարավորություններն արդեն սպառվել են։

Մնում է գտնել ամենակարևոր հարցի պատասխանը. ով է գլխավորելու խորքային և համակարգային բարեփոխումների գործընթացը Հայաստանում։

Արթուր Ղազինյան

Նույն շարքից