Հայաստան 

Որոշ քաղաքական ուժերի տեսակետները 2 տարում փոխվել են 180 աստիճանով. Հ. Սահակյան

analitik.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հիշեցնում է՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ որոշ քաղաքական ուժերի տեսակետները 2 տարվա ընթացքում 180 աստիճանով փոխվել են։

 

«Վերցրեք 2012թ.-ի կոնսուլտացիաները. այստեղ դրված էր երկու հարց` 100 տոկոս համամասնական համակարգ, սահմանադրական բարեփոխումներ, խորհրդարանական ձևի անցում, այդ գաղափարների շուրջ էին այդ կոնսուլտացիաները, նայեք ու տեսեք, թե այս 2 տարվա ընթացքում ինչ է փոխվել, դիրքորոշումները 180 աստիճանով փոխվել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավորը։

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն էլ ասում է, որ ՀՀԿ-ն է 180 աստիճանով իր դիրքորոշումը փոխել, երբ ժամանակին նշում էին, որ նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող պետության համար խորհրդարանական կառավարման ձևին անցնելը վտանգավոր է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չէ, սխալ եք հասկանում, մենք ասացինք, որ քննարկում ենք այս տարբերակը, քանի որ այդ ամենի արդյունքը կար, կարող էր լինել նաև այլընտրանքային եղանակը»։

Պատգամավորը 100% համամասնականին կողմ լինելու հիմնավորում ներկայացրեց. «Տեսե՛ք, մենք ասում ենք՝ գնանք 100 տոկոս համամասնական ընտրակարգի, այն իրենից ենթադրում է ուժեղ քաղաքական միավորում, մենք գնում ենք ընտրությունների մեր թիմով, ասում ենք մեր ծրագիրը սա է, ծրագրի իրականացման եղանակները սրանք են: Այսօր խորհրդարանում ունենք մի իրավիճակ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն որոշակի թվաքանակով և մյուս ընդդիմադիր քաղաքական թիմերը. ՀՅԴ-ին հանենք, որովհետև իրենք հին են, պատմություն ունեն, մնացածի դեպքում ո՞ր քաղաքական թիմում կա միասնականություն, չկա, չէ՞։ Իսկ որպեսզի այս ամենը կայանա՝ պետք է արմատական փոփոխություն լինի, որ քաղաքական թիմն ունենա դերակատարում, որ քաղաքական թիմի յուրաքանչյուր անձ պետք է ունենա որոշակի պատասխանատվություն, ուստի համակարգային փոփոխություն է պետք: Էդ մարդիկ խոսում են ավելի մեծ ծրագրերից, բայց մի միկրոավտոբուսը երևի բավարար է, որ իրենց քաղաքական թիմը տեղափոխվի, եկեք լրջացնենք էս ամեն ինչը»։

Հարցին թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազույցում իշխանափոխության մեսիջ չկա՞ր, ՀՀԿ պատգամավորը պատասխանեց. «Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է լուրջ դեմք ընդունել, այդ լուրջ դեմքով ինձ հարցնել ու սպասել, որ ես պատասխանեմ»։

Ըստ նրա՝ «ով քնից վեր է կենում, հարցազրույց է տալիս և իրենք էլ փորձում են արձագանքել»:

Նույն շարքից