Հասարակություն 

Մի նկար, որը «ցնցել» է համացանցը

Մի նկարի ոդիսական կամ հերթական Կիկոսի մահը:

Մի նկար, որը «ցնցել» է համացանցը, ինչպես նաև մեր քաղաքացիներին, ովքեր երեք օրում ազգի դավաճան, ծախված տականք ու դավադիր ուժ հայտարարեցին մեզ։

Ի գիտություն ՀՀ քաղաքացիների՝ հունիսի 12-ին Ռուսաստանի օրն էր, որին հրավիրված էին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ ներկա և նախկին իշխանությունները, պատգամավորներ և այլ հայտնի մարդիկ։ Այս միջոցառումից հրապարակվել են բազմաթիվ նկարներ, այդ թվում նաև վերոնշյալ նկարը։ Նկարում նախկին պատգամավորներ են, ում հետ տարբեր միջազգային հարթակներում կռիվ ենք տվել ընդդեմ ադրբեջանական հարձակումների։

Միշտ զերծ լինելով քաղաքական ռասիզմի դրսևորումներից՝ երբևէ չեմ խուսափել շփվել կամ լուսանկարվել նախկին կամ ներկա իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Առավել ևս, որ լուսանկարում առկա մարդիկ վաղուց ոչ պատգամավոր են, ոչ էլ իշխանություն։

Հիշում եմ՝ ԵԼՔ դաշինքի ժամանակ, երբ տարբեր կողմերից փորձում էին հարվածել մեզ, տարածում էին Նիկոլ Փաշինյանի նկարը Վահրամ Բաղդասարյանի հետ, աղաղակելով, որ Ելքը ծախված է։ Երբ միասին քննարկում էինք, թե ինչպես արձագանքել, Փաշինյանն ասաց․«սա ոչ այլ ինչ է քան քաղաքական ռասիզմի դրսևորում, որը մենք պետք է մերժենք»։

Սակայն պարզվում է, որ նույնիսկ Նոր Հայաստանում պետք է առաջնորդվել խելագարության կանխավարկածով և շարունակել վախենալ քաղաքական ռասիզմի դրսևորումներից։

Ժամանակները փոխվել են․ Փաշինյանը երկրի վարչապետն է, իսկ նրա պատգամավորներն ու ակտիվիստները հիմա տարածում են մեր նկարները՝ արդեն նախկին իշխանության, այս պահին սովորական քաղաքացիներ հանդիսացող մարդկանց հետ և պնդում, որ մենք դավադիր ենք՝ բա որ իրենք ասում էին …
Սա է վիճակը ․․․ Հիմա հո մենք էլ ձեր նկարները չենք տարածելու տարբեր ժամանակների տարբեր իշխանությունների հետ։

Չէի պատրասվում որևէ կերպ անդրադառնալ այս միջադեպին, կամ որևէ կերպ մեկնաբանել նկարը, բայց ստացված նամակների ու անհավասարակշիռ մեկնաբանությունների տարափը ստիպեց անել այս գրառումը։

Ցավում եմ, որ մեր հասարակությունն այս աստիճան անհանդուրժող է դարձել, ու առաջ նայելու փոխարեն անընդհատ հետ ենք նայում՝ շարունակելով դոփել տեղում։

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից