Քաղաքականություն 

Մնացականյան-Մամեդյարով սպասվելիք հանդիպման մեջ մի կարևոր առանձնահատկություն կա. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը նախատեսվում է անցկացնել Վաշինգտոնում, հունիսի 20-ին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։

Հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո քննարկումներ էին ընթանում ԱԳ նախարարների միջև՝ հաջորդ հանդիպումը երրորդ համանախագահ երկրում` ԱՄՆ-ում անցկացնելու մասին։ Ինչպես նախկինում, այս անգամ ևս, մասնակիցների միջև համաձայնություն էր ձեռք բերվել հանդիպման մասին հայտարարության միաժամանակյա տարածման շուրջ։

Հայաստանը հավատարիմ է մնում այս պայմանավորվածությանը։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական դատապարտելի խախտումները և սադրիչ գործողությունները, որոնք վերջին օրերին պատճառ են դարձել մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրել շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը, ձևավորել են հանդիպմանն ընդառաջ ոչ նպաստավոր միջավայր։

Ադրբեջանի գործողությունները, որոնք բնութագրվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, խոչընդոտում են խաղաղության համար բարենպաստ միջավայրի կայացմանը և ըստ այդմ խաթարում են խաղաղ կարգավորման գործընթացի առաջընթացին։ Ստեղծված իրավիճակը պայմանավորում է վաշինգտոնյան հանդիպման օրակարգի հստակ  գերակայություններ»,- ասված էր հայտարարության մեջ։

Մեր տեղեկություններով, սակայն, ի տարբերություն նախորդ նմանատիպ հանդիպումների՝ սպասվելիք հանդիպման մեջ մի կարևոր առանձնահատկություն կա, որը դիտարկվում է՝ որպես քաղաքական ուղերձ։

Այսպես, եթե Ռուսաստանում հայ-ադրբեջանական արտգործնախարարների մակարդակով հանդիպումը տեղի է ունեցել հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո և նրա իսկ մասնակցությամբ, ապա 168.am-ի դիվանագիտական աղբյուրներն ԱՄՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների գալիք հանդիպմանը չի մասնակցելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Ամերիկյան կողմից այդ հանդիպումն ավելի ցածր կարգի պաշտոնյա է համակարգելու։

Սա որոշակիորեն դիտվում է նաև՝ որպես վերաբերմունքի արտահայտություն։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այդ հանդիպմանը չմասնակցելը հստակ քաղաքական ուղերձ է պարունակում իր մեջ՝ կապված ԱՄՆ-ի համար խնդրի կարևորության հետ։

Եթե սրան գումարում ենք նաև այն փաստը, որ ամերիկաադրբեջանական հարաբերությունները, հատկապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, բավականին ռացիոնալ են դարձել, և, ի տարբերություն հայ-ամերիկյան հարաբերությունների՝ բազմաթիվ ձեռքբերումներ ու երկուստեք փոխադարձ օգտակար պայմանավորվածություններ ունեն, կարող ենք եզրակացնել, որ Պոմպեոյի բացակայությունն այդ հանդիպմանը քաղաքական ուղերձ է՝ հղված հայկական կողմին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից