Հայաստան 

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գյումրու տեխնոպարկի բացմանը

Գյումրին տեխնոքաղաքի վերածելու ծրագրի մի մասն իրականացված է: Այսօր Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում պաշտոնապես բացվեց Գյումրու տեխնոպարկը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և մի շարք հյուրեր:

Նախագահը շրջայցի ընթացքում ծանոթացավ կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, այնուհետև մասնակցեց ծառատունկին:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Գյումրին պետք է վերածվի ժամանակակից ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական գոտու, որտեղ ներկայացված կլինեն բարձր տեխնոլոգիական կազմակերպությունները, կրթօջախներն ու գիտահետազոտական կենտրոնները:

«Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է, որպեսզի երկրում ձևավորվեն որակյալ կադրեր ամբողջ աշխարհի մակարդակով և ներդրումներ կատարվեն այդ կադրերին հիմք ընդունելով: Համաշխարհային կազմակերպությունների ներկայությունը Գյումրիում իր հերթին կստեղծի մեծ քանակությամբ նոր բարձր վարձրատրվող աշխատույժ, որը իր ազդեցությունը կունենա ոչ միայն կրթական մակարդակի բարձրացմանը, այլ նաև՝ սոցիալական կյանքի վրա, որովհետև մեծ քանակությամբ ծառայություններ կստեղծվեն մարդկանց սպասարկելու համար»,- ասաց նա:

Բագրատ Ենգիբարյանն ընդգծեց, որ մասնավորապես կարևորում են երկրում մաքուր էներգիայի ստացումը, էներգախնայողության և էներգետիկայի նոր աղբյուրների զարգացման նոր ոլորտները։

Հարցին, թե խոշոր ընկերությունները Գյումրին ռիսկային գոտի չեն համարում, պատասխանեց. «Խոշոր ընկերությունները ռիսկային չեն համարում Հայաստանը, նրանց չի հետաքրքրում, թե կադրերը որտեղ են ձևավորված: Ինչքան նմանատիպ միջավայրեր ստեղծենք Հայաստանի ցանկացած մարզում, խոշոր ընկերությունները կգնան այդ կադրերի հետևից, որովհետև Հայաստանը ապացուցել է, որ ոչ միայն որակյալ, այլ ստեղծագործ միտք ունեցող կադրերի երկիր է»:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էլ ելույթ ունենալով նշեց, որ կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի դերը մեր տնտեսության զարգացման գործում, ՀՀ կառավարությունը այն ճանաչել է գերակա ուղղություն: Ըստ նրա՝ այս ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ վերջին տարիներին ոչ միայն պահպանվում են ոլորտի զարգացման կայուն տեմպերը, այլ նաև նորանոր նախադրյալներ են ստեղծվում Հայաստանում ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական աճի ապահովման համար:

«Հաշվի առնելով Գյումրի քաղաքի դերը ՀՀ տնտեսության մեջ, տեխնոլոգիական զարգացման առկա ներուժը, համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքների կրթական հաստատությունների ու տեխնոլոգիական ավանդույթների առկայությունը, ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց հենց այստեղ հիմնել տեխնոլոգիական կենտրոն: Վստահ եմ, որ կենտրրոնն էական դերակատարում կունենա որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստման գործում, գործարար և ներդրումային միջավայրի բարելավման, ՓՄՁ-ի խթանման, նոր աշխատատեղերի ստեղծման և Գյումրի քաղաքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման հարցում: Նաև կխթանի մարզում այս ոլորտի զարգացմանը»,- ասաց նա:

Նույն շարքից