Հայաստան 

Հայ և բելառուս խորհրդարանականների հանդիպմանը քննարկվել է Շիրակի մարզում բելառուսական ձեռնարկություններ հիմնելու հարցը

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստին հայկական կողմն առաջարկել է բելառուսական գործարաններ և արտադրամասեր բացել Հայաստանի Հանրապետության ամենակարևոր մարզերից մեկում՝ Շիրակում և Գյումրի քաղաքում, որտեղ կստեղծվի համատեղ գյուղատնտեսական ձեռնարկություն:

Այս մասին այսօր հայտարարվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 8-րդ նիստից հետո հրավիրված ՝ համանախագահներ Էդուարդ Շարմազանովի և Վիկտոր Գումինսկու համատեղ մամուլի ասուլիսին:

ԱԺ փոխնախագահն ավելացրեց, որ քննարկվել է նաև Գյումրի-Մինսկ ուղիղ ավիաչվերթների խնդիրը, հայկական կողմը կարևորել է միջխորհրդարանական հանձնաժողովներում համագործակցությունը, ինչը վկայում է հայ-բելառուսական համագործակցության կարևորության ու դաշնակից լինելու մասին։

«Կարևորվեց բոլոր կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, այդ թվում՝ Ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: Կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն, որտեղ մերժում են ֆաշիզմի ու նացիզմի ցանկացած դրսևորում»,-ասաց ԱԺ փոխնախագահը, ով նաև իր բելառուս գործընկերոջը հրավիրեց Հայաստան՝ ներկա գտնվելու 2015-ին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին զոհերի ոգեկոչման արարողությանը։

ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրեց Ադոլֆ Հիտլերի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտնի խոսքը։ Ըստ ՀՀԿ խոսնակի՝ եթե ժամանակին դատապարտվեին մարդկության դեմ նման ոճիրները, նորերը չէին կրկնվի:

Բելառուսի խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին ևս իր խոսքում կարևորեց հայ-բելառուսական համագործակցությունն ու դաշնակցային հարաբերությունները, նաև՝ Երկրորդ աշխարհամարտի 70-ամյակի միջոցառումների համատեքստում, նշելով, որ ամեն երրորդ հայաստանցին Երկրորդ աշխարհամարտից չի վերադարձել, ամեն երրորդ բելառուսը նույնպես զոհվել է, իսկ Բրեստի ազատագրման համար իրենց կյանքերն են տվել շուրջ 16 հազար հայորդիներ:

 

Նույն շարքից