Բարի օր Հասարակություն 

Եթե Հայաստանում չկան ահաբեկչական ակտեր, դա չի նշանակում, որ չկան խմբեր, որոնք ցանկանում են կատարել ահաբեկչական ակտ. Վանեցյան

analitik.am

ԱԱԾ-ն փակ կառույց է: Այս մասին Շանթ ՀԸ-ի եթերում Արամ Աբրահամյանի հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կառույցը երբեք այդքան թափանցիկ չի եղել, որքան՝ հիմա է:

Վանեցյանի խոսքերով, ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել. «Ես ուզում եմ հավաստիացնել, որ ՀՀ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ և հակահետախուզությամբ, ինչպես նաև պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ: Սրանք այն գործառույթներն են, որոնց մասին խոսել հնարավոր չէ: Եթե մենք այսօր բացահայտում ենք օտարերկրյա գործակալական ցանց և կատարում ենք համապատասխան աշխատանքներ, կամ մենք ունենք հետախույզներ այլ երկրներում և հետախուզական լուրջ տեղեկություններ ենք ստանում, ինչ-որ մեկին թվում է, որ ես դրա մասին պետք է հայտարարե՞մ: Դա աբսուրդ կլինի: Հետախուզական և հակահետախուզական գործունեության մասին առհասարակ պետք է լռել: Այդ մասով գնահատականը տալիս է երկրի քաղաքական ղեկավարությունը, որն ի պաշտոնե տեղեկացված է մեր կատարած աշխատանքներից: Իսկ հասարակությունը գնահատականը պետք է տա իր կենցաղով, ապրելակերպով: Եթե Հայաստանում չկան ահաբեկչական ակտեր, դա չի նշանակում, որ չկան խմբեր, որոնք ցանկանում են կատարել ահաբեկչական ակտեր: Կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և այլ հանցագործությունների մասին մենք կարող ենք խոսել, հաշվետու լինել, սակայն կան գործառույթներ, որոնց մասին ուղղակի պետք չէ խոսել: Ես ուղղակի կարող եմ վստահեցնել, որ ԱԱԾ-ն բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված գործառույթները»:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ իրենք երբեք չեն անցնում լիազորությունների շրջանակը, միշտ գործում են օրենքի սահմաններում:

Ինչ վերաբերում է նրան, որ տպավորություն կա, թե ամեն ինչով զբաղվում է ԱԱԾ-ն, Վանեցյանը նշել է, թե դա պայմանավորված է նրանով, որ համապատասխան հանցագործության բացահայտման մասին հաղորդագրությունից հետո բոլորը սևեռվում են այդ հաղորդագրության վրա. «Եթե նմանատիպ գործ անում է այլ իրավապահ մարմին, ուշադրությունն այդ կարգի չի լինում: Դրա համար է տպավորություն, որ ամեն ինչով մենք ենք զբաղվում: Իրականում դա այդպես չէ: Ոստիկանությունը, ՔԿ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ-ը շատ արդյունավետ են գործում: Ես գնահատական չեմ տալիս, ուղղակի ուզում եմ ասել, որ իրենք էլ կատարում են իրենց աշխատանքը»:

Նույն շարքից