Հայաստան 

Գալուստ Սահակյանն ընդունել է Բելառուսի խորհրդարանական պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ընդունել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկու գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ 

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է հյուրերին Ազգային ժողովում և նշել, որ Բելառուսի պատվիրակության այցը ևս մեկ անգամ ընդգծում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները և Հայաստանի ու Բելառուսի միջև բազմակողմ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը: Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ երկու ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերություններն ունեն իրենց ուրույն պատմությունը, և 2014թ-ին նոյնպես քայլեր են ձեռնարկվել Բելառուսի Հանրապետության հետ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ: 

Գալուստ Սահակյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի համագործակցությունը միջազգային ասպարեզում՝ նշելով, որ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական, ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովներում, Միջխորհրդարանական միությունում: Հայ խորհրդարանականները հետևողականորեն աջակցում են Բելառուսի դիրքորոշմանը միջազգային հարթակներում: 

Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչներից է խորհրդարանական ձևաչափը, որի հիմնական հարթակն է Միջխորհրդարանական հանձնաժողովը:  

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բելառուս գործընկերներին հրավիրել է մասնակցելու 2015թ-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Երևանում կայանալիք միջոցառումներին: ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ նմանատիպ ոճրագործությունների կանխման միակ ճանապարհը միջազգային հանրության կողմից դրանց ճանաչումն ու դատապարտումն է: 

Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկին նշել է, որ երկու եղբայրական ժողովուրդների պատմությունն ու ճակատագիրն ունեն շատ ընդհանրություններ: Այսօր երկու երկրներն էլ ձգտում են առավել խորացնել հարաբերությունները, աշխատել հանուն իրենց ժողովուրդների բարեկեցության: 

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Վիկտոր Գումինսկին նշել է նաև, որ հակամարտությունները պիտի լուծվեն խաղաղ ճանապարհով: Խոսելով մարդկության դեմ կատարված ոճրագործությունների մասին՝ նա նշեց, որ պատվիրակությունը վաղը կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Վիկտոր Գումինսկին ՀՀ ԱԺ նախագահին հրավիրեց Բելառուս։ 

Նույն շարքից