Հասարակություն 

Մեր ներքին լարվածությունից ադրբեջանցիներն ու թուրքերն են հրճվում. Դավիթ Բաբայան

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ամուր լինի մեր հայկական համախմբվածությունը, միասնականությունը։ Այստեղ առանձնակի կարևորություն ունի Արցախը։

Արցախը խորհրդանշում է մեր հաղթանակները, մեր միասնականությունը, մեր իդեալները, ու, հատկապես, Արցախից եկող ցանկացած ազդակ միմիայն պետք է այս ուղղությամբ հնչեցվի, նույնը նաև պետք է հնչի Հայաստանից ու Սփյուռքից։

Կարող են լինել տարբեր կարծիքներ, ամեն մեկն իր ձևով է ներկայացնում իր դիրքորոշումը, մեկը դա անում է զուսպ, մյուսը, ցավոք, ոչ պարկեշտ ձևով, բայց պետական կառույցներում պարտավոր են բոլորը պահպանել ազգային գաղափարախոսությունը, մեր համազգային տեսլականի հարցում բոլորս պետք է լինենք միասնական։ Հայոց պետականության ամրության պահպանման հիմքը մեր միասնականությունն է։ Որևէ անձնական վիրավորանք՝ ուղղված մեկմեկու, ճիշտ չէ, անկախ նրանից, թե դա որտեղի՞ց է հնչում՝ Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Ես չեմ ընդունում, երբ տարբեր մարդիկ «ֆեյսբուքներում» ինչ-որ անընդունելի մտքեր են արտահայտում, մեկմեկու հանդեպ վիրավորանքներ, մեղադրանքներ ուղղում, առավելևս դրանք անթույլատրելի են պետական կառույցներ ներկայացնողներին։ Սակայն ստացվում է, որ նրանք սոցիալական ցանցերում ներկայացնում են իրենց անձնական մոտեցումները ու դա հրամցնում այնպես, իբրև թե, իրենց հետևում կանգնած է պետությունը, բայց նման բան չի կարող լինել։ Սա է խնդիրը։ Բոլորս պետք է լինենք չափազանց զգուշավոր։ Մեր ներքին լարվածությունից ադրբեջանցիներն ու թուրքերն են հրճվում։

Ասել եմ ու կրկնում եմ, մեր միասնակնությունը պետք է պահպանենք։ Դրա համար պետք է աշխատենք պառակտիչ գաղափարների դեմ։ Կարծում եմ՝ ներքին պառակտումներին վերջ տալու համար պետք է աշխատենք դեռևս մանկապարտեզից, հասնենք դպրոց ու համալսարան, պետք է ակտիվ գործեն մեր լրատվամիջոցները։ Ժամանակն է, որ պետությունը խիստ վերաբեմունք ցուցաբերի պառակտիչ հայտարարություններ հնչեցնողների նկատմամբ, նմանները պետք է պատասխանատվության ենթարկվեն օրենքով։ Եվ ես կոչ եմ անում մեր իրավաբաններին, օրենսդիրներին աշխատել նման օրենքի ստեղծման ուղղությամբ՝ ազգային երկպառակտում քարոզողները պետք է պատժվեն։

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից