«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման իրական թիրախը Թուրքիան է, և մոտեցող պատերազմում ԻԼԻՊ-ը ցանկանում է կանխել Անկարայի որոշիչ գործոն լինելը: Այս մասին հայտնում է անգլիական The Times թերթը` մեկնաբանելով ԻԼԻՊ-ի կողմից անգլիացի կամավոր Դևիդ Հայնսի հրապարակային սպանությունը:
«Այստեղ իրական թիրախը ոչ թե Բրիտանիան էր, այլ Թուրքիան էր: Հունիսին Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը գրաված ԻԼԻՊ-ի ձեռքում 49 թուրք պատանդ կա: Ակնհայտ է, որ Սիրիայի և Իրաքի հետ երկար սահման ունեցող Թուրքիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայում կարող է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար ամենակարևոր դաշնակիցը լինել: Սակայն, ձերբակալված համերկրացիների պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ցանկանում միանալ այդ կոալիցիային: Չնայած դրան, օտարերկրյա ջիհադականները Սիրիա և Իրաք են մեկնում Թուրքիայի վրայով: Այն դեպքում, երբ Սիրիայի վրայով տարանցիկ առևտուրը հայտնի պատճառներով վտանգավոր է դարձել և խիստ նվազել, 30 տոկոսով նվազել է նաև Իրաքի հետ Թուրքիայի միջև առևտուրը:
Միևնույն ժամանակ ԻԼԻՊ-ի եկամուտի աղբյուրներից մեկն է դարձել Թուրքիայի սահմանում իր վերահսկողության տակ վերցրած նավթի առևտուրը: Միանշանակ է, որ Անգլիան չի հրաժարվելու ԻԼԻՊ-ին ոչնչացնելու իր մտադրությունից: Մյուս կողմից Լոնդոնը վախենում է, որ ԻԼԻՊ-ի կողմից բրիտանացիների և այլ օտարերկրացիների սպանությունները կարող են զանգվածային բնույթ ստանալ, որից վախեցած Անկարան էլ խուսափում է մտնել ԻԼԻՊ-ի դեմ միջազգային ռազմական կոալիցիայի շարքը», -նշում է բրիտանական թերթը: