Քաղաքական 

Հայաստանը բարձր է գնահատում Իրաքի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հարցում

Իրաքի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը: Այդ մասին փետրվարի 17-ին Բաղդադում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իրաքի ԱԳ նախարար Հոշիար Զեբարիի հետ հանդիպման ընթացքում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն է հայտնել, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ «Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով եւ այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առեւտրաշրջանառության շեշտակի աճ»,- ասաց Իրաքի արտգործնախարարը։ 

Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նշեց. «Իրաքի եւ Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջեւ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու համար»:

Նախարարների հանդիպմանը անդրադարձ արվեց երկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունակությամբ արձանագրեցին տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանավորվածությունների իրագործման դինամիկան։

Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի եւ միջազգային հանրության գործադրվող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։

Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերն` ուղղված Իրաքում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխանքները:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Իրաքի արտործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։

Նախարար Նալբանդյանն այցելեց Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցավ Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Նույն շարքից