Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 18-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին, եւ բարձր գնահատել հայ-իտալական գործընկերությունը՝ Իտալիան համարելով նաեւ Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու կարեւոր օղակ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական ու տնտեսական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու եւ ընդլայնելու, ինչպես նաեւ երկու երկրներում առկա ներուժն ամբողջությամբ օգտագործելու անհրաժեշտությունը:
Մասնավորապես խոսվեց «Հայ-իտալական առեւտրաարդյունաբերական ասոցիացիայի» շրջանակներում փոխադարձ ծրագրեր իրականացնելու, գործարարների ներգրավելու եւ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու մասին:
Թե՛ նախարարը, եւ թե՛ դեսպանը պատրաստակամություն են հայտնել անելու հնարավորը՝ երկկողմ հարաբերություններն էլ ավելի զարգացնելու եւ տնտեսական փոխշահավետ նախաձեռնություններն ավելացնելու համար: