Քաղաքականություն 

Գուրգեն Մարգարյանի սպանությունը մեկանգամյա ցեղասպանություն է. Սեյրան Օհանյան

analitik.am

Գուրգեն Մարգարյանի սպանությունը մեկանգամյա ցեղասպանություն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, Գուրգեն Մարգարյանի մահվան 10-րդ տարելիցի միջոցառման ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«10 տարի է անցել, եւ մենք եկել ենք, որ հարգանքի տուրք մատուցենք հայ սպային։ Մեր սպային սպանել են միայն նրա համար, որ նա հայ է, եւ ոճրագործն էլ խոստովանել է, որ ինքը պատրաստվել է հայ սպանելու»,-ասաց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախարարի խոսքով՝ հերոսներ են այն մարդիկ, որոնք այսօր առաջին գծում գիշերուզօր պաշտպանում են մեր հայրենիքը, հակահարված են տալիս թշնամու հարձակումներին եւ հարկ եղած ժամանակ իրենց կյանքի գնով հերոսանում են։

«Իսկ նրանց համար հերոսները այլ մարդիկ են, որոնք կարողանում են գիշերը կացնահարել»,-ասաց պաշտպանության նախարարը՝ անդրադառնալով Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի հերոսացմանն Ադրբեջանում։

Գուրգեն Մարգարյանի կիսանդրու մոտ ծաղիկներ դրեցին նրա հարազատները, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Զինվոր» ՀԿ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, թիվ 22 դպրոցի եւ Գուրգեն Մարգարյանի անվան 126 մանկապարտեզի սաները, այլ քաղաքացիներ, որոնք մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը։

Այնուհետեւ բոլոր ներկաները գնացին Եռաբլուր, որտեղ Գուրգեն Մարգարյանի շիրիմի մոտ հարգանքի տուրք մատուցեցին սպանված հայ սպայի հիշատակին։

Հիշեցնենք, որ 2004թ . փետրվարի 19-ի գիշերը Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը եւ կացնահարել քնած հայ սպային:  

Երկարատեւ դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին  Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել`  30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս էր հայտարարել Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, ինչին համառորեն փորձում էր հասնել ադրբեջանական կողմը: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին նախագահի կողմից ներում շնորհվեց, զինվորական բարձր կոչում տրվեց եւ միանվագ վճարվեց  8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երեւանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

Թուրքիայում հատուկ պատրաստվածություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն»  ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որոնց մասնակցում էին նաեւ հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

Նույն շարքից