Քաղաքականություն 

Քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը

analitik.am

Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի այսօրվա՝ փետրվարի 18-ին կայացած նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների նոր ցանկի նախագիծը:

Նիստը նախագահել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հարցի հետ կապված Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այս նիստը կարեւոր է թե քաղաքական եւ թե բովանդակային առումով: Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա անկումների, իսկ որոշ հոռետեսներ խոսում են նույնիսկ տապալման մասին: Ես ցանկանում եմ նրանց հիասթափեցնել` Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցությունը շարունակվում է եւ եվրոպական մեր գործընկերների հետ մենք մշակել ենք շուրջ 180 կետից բաղկացած հավակնոտ գործողությունների մի ծրագիր, որը վերաբերում է 5 առանցքային ուղղություններին` արդարադատություն, ազատություն, անվտանգություն, քաղաքական համագործակցություն, սոցիալ-տնտեսական բարեփոխումներ, ենթակառուցվածքային բարեփոխումներ եւ բոլոր այս ուղղությունները ներառում են իսկապես լրջագույն փոփոխությունների համալիր մի փաթեթ, որը հնարավորություն կտա տարբեր ուղղություններով առաջընթաց արձանագրել Հայաստանի եւ Եվրոպական միության անդամ երկրների միջեւ>>:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` այս տարվանից սկսած արդեն ՀՀ քաղաքացիները կունենան դյուրացված վիզային ռեժիմ, կարող են առանց արգելքների մեկնել Եվրամիության անդամ երկրներ, գործարարները կարող են շուրջ 6000 արտադրատեսակներ արտահանել Եվրոպական միություն զրոյացված մաքսատուրքերով, կամ խիստ զեղջված սակագներով:

ԱԱԽ Քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ ձեւավորված օրակարգի շրջանակներում փոփոխություններ տեղի կունենան դատաիրավական համակարգում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, կարդիականացվի ՀՀ քաղաքական համակարգը:

ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը Անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացվի առաջիկայում:

Հանձնաժողովը քննարկեց կազմակերպական այլ հարցեր եւս:

Նույն շարքից