Քաղաքականություն 

ՌԴ ԱԳՆ-ն Մայդանի առաջնորդներից պահանջել է դադարեցնել արյունահեղությունը

analitik.am

ՌԴ ԱԳՆ-ն Կիեւի խռովությունների առթիվ հայտարարություն է տարածել, տեղեկացնում է գերատեսչության կայքը:

Հայտարարություն համաձայն՝ «վրդովեցնող է արմատականների գործողություններին ընդդիմության առաջնորդների արձագանքի բացակայությունը, որոնք, ժողովրդավարությանը եւ եվրոպական արժեքներին հավատարմության մասին դեմագոգիական կարգախոսներով քողարկված, սատարում են «դարչնագույն» հեղափոխությանը:

Գերատեսչությունում «չեն տեսնում նաեւ եվրոպական քաղաքական գործիչների եւ կառույցների համահունչ արձագանքը, որոնք հրաժարվում են խոստովանել, որ Ուկրաինայում արմատական ուժերի  գործողությունների ողջ պատասխանատվությունը ընդդիմությունն է կրում:

Միաժամանակ, պաշտոնական Մոսկվան պահանջել է, որպեսզի «հրապարակի» առաջնորդները դադարեցնեն արյունահեղությունը, անհապաղ վերսկսեն օրինական իշխանությունների հետ երկխոսությունը՝ առանց սպառնալիքների եւ վերջնագրերի:

«Ուկրաինան Ռուսաստանի համար բարեկամական, եղբայրական պետություն է, ռազմավարական գործընկեր, եւ մենք կգործադրենք մեր ողջ ազդեցությունը, որպեսզի այդ երկրում խաղաղություն տիրի», -  ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՌԴ  ԱԳՆ-ում հայտնել էին, որ Ուկրաինայում  տեղի ունեցող իրադարձությունները արեւմտյան քաղաքական գործիչների ամենաթողության անմիջական հետեւանքն են, որոնք աչք են փակում արմատական ուժերի ագրեսիվ գործողությունների վրա:  Դրանից հետո ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ  ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի՝ զսպվածություն դրսեւորելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին ուղղված կոչը «ազդանշան է» ծայրահեղականների համար: 

Փետրվարի 18-ի առավոտվանից Կիեւում շարունակվում են իրավապահների եւ ընդդիմության կողմնակիցների բախումները: Այն սկսվել էր, երբ բողոքողները փորձել էին երթով դիմել դեպի Գերագույն ռադայի շենք՝ սահմանադրական բարեփոխմանն աջակցելու:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է, որ բախումների ընթացքում զոհվել է 25 մարդ: Փետրվարի 19-ի դրությամբ բուժօգնության է դիմել 350 տուժած, 241 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նույն շարքից