Քաղաքականություն 

ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվիրակությանը

analitik.am

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինի գլխավորած պատվիրակությանը, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ԵԱՀԿ-ի միջև բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցության ընթացիկ ծրագրերը և հետագա քայլերը:

Անդրադառնալով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունման գործընթացին՝ կողմերը կարևորել են բնապահպանական խնդիրների, գործարար միջավայրի և հասարակական շահի համադրության հրամայականը:

Անդրեյ Սորոկինն առաջարկել է ԱԺ-ում օրենքի նախագծի վերաբերյալ կազմակերպվելիք հասարակական քննարկումներին ներգրավել նաև ԵԱՀԿ գրասենյակի փորձագետներին, ինչը պատրաստակամությամբ է ընդունվել ՀՀ բնապահպանության նախարարի կողմից:

Արամ Հարությունյանն նաև ի գիտություն է ընդունել ՀՀ բնապահպանության նախարարության սկսած շրջակա միջավայրի վրա ազդեցության որոշման մեթոդիկայի և ջրային դիրեկտիվների համակարգի չափորոշիչների մշակման աշխատանքներին ԵԱՀԿ-ին նույնպես ներգրավելու՝ դեսպանի առաջարկը:
 

ԵԱՀԿ պատվիրակությունը ցանկություն է հայտնել ՀՀ ԲՆ-ին փոխանցել օրենքի նախագծի տեխնիկական մասին վերաբերող իր առաջարկները: Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել ներկայացված առաջարկները քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ և ընդունելի փոփոխությունները ներառել նախագծում:

Կողմերը քննարկել են նաև Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարման ընթացքին և ՀՀ բնապահպանական տեղեկատվական հասարակական (Օրհուս) կենտրոնների գործունեությանը վերաբերող հարցեր:

Նախարար Արամ Հարությունյանը բարձրացրել է ԵԱՀԿ հովանու տակ գործող 15 «Օրհուս» կենտրոնների և Նախարարության համագործակցության արդյունավետության բարձրացման, մեխանիզմների հստակեցման և իրավական հիմքերի մշակման անհրաժեշտության հարցերը:

Երկուստեք կարևորելով խնդրի լուծումը՝ կողմերը պայմանավորվել են վերոհիշյալ հարցերը հստակեցնելու համար կազմակերպել աշխատանքային հանդիպումներ:

Հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

Նույն շարքից