Իրանական հատուկ ծառայություններն «ամերիկյան կիբերլրտեսական ցանց են բացահայտել»: Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի գերագույն քարտուղար Ալի Շամհանին, փոխանցում է Reuters-ը:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ ինֆորմացիայով կիսվել են դաշնակիցների հետ. «Մենք բացահայտել ենք ԿՀՎ աշխատակիցների խոշոր ցանց և ոչնչացրել այն, ձերբակալվել և պատժվել են տարբեր երկրներում գտնվող ցանցի անդամներ»:
ՏԱՍՍ-ն իր հերթին գրում է, որ դեռ ապրիլին Իրանի հատուկ ծառայությունների ղեկավար և ինֆորմացիայի նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր 290 անդամ ունեցող ԿՀՎ ցանցի բացահայտման մասին: Այն ժամանակ հայտնվել էր, որ լրտեսները գործել են տարբեր երկրներում, այդ թվում նաև հենց Իրանում:
Հարկ է նշել, որ լրտեսական ցանցի բացահայտման մասին իրանական իշխանությունները խոսում են Օմանի ծոցում նավթային տանկերների վրա հարձակումից հետո, որի մեջ ԱՄՆ-ը հենց Իրանին է մեղադրում: