Բարի օր Հասարակություն 

«Սանիթեկ»-ի վարձակալած տարածքի գործարքի հետ որևէ առնչություն չեմ ունեցել. Վահե Նիկոյան

analitik.am

Քաղաքապետ Հայկ Մարությանը  հայտարարություններ էր արել այն մասին, որ  «Սանիթեկ» ընկերության  «գարաժը», գրասենյակները, գտնվում են Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի  հոր տարածքում: Analitik.am-ը զրուցեց Վահե Նիկոյանի հետ, ով ասաց, որ  ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է իր հորը։ Ընկերությունը մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև իր հորը պատկանող տարածքը։

«Այս հարցը նախկինում բազմիցս քննարկվել, պարզաբանվել և մամուլում շրջանառվել է, իսկ ինչ նպատակ ուներ իմ անունը շոշափելը, երբ այն որևէ կապ չուներ լրագրողի հարցի հետ, առայժմ փակագծերը չեմ բացի։ Սակայն, քանի որ հարցը բարձրացվել է, կրկին կներկայացնեմ մանրամասն պարզաբանում․ ներկայումս «Սանիթեկի» ավտոպարկի վարձակալած տարածքը պատկանում է հորս։ «Սանիթեկը» մրցույթում հաղթելուց հետո շուրջ մեկ տարի այլ տարածք էր վարձակալել և գործունեություն իրականացրել, որից հետո վարձակալել էր նաև հորս պատկանող տարածքը։ Հայրս իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն, և ես ոչ այս դեպքում, ոչ երբևէ չեմ մասնակցել կամ միջամտել իր գործունեությանը։ «Սանիթեկի» վարձակալության և որևէ այլ գործարքներին նույնպես ես որևէ միջամտություն չեմ ունեցել և ի պաշտոնե չէի կարող ունենալ, քանի որ երբևէ չեմ համակարգել այդ ոլորտը և ուղղակի ազդեցության գործառույթներ «Սանիթեկի» նկատմամբ չեմ ունեցել, հետևաբար ակնհայտ է, որ այստեղ շահերի բախում չէր կարող լինել:

Ինչ վերաբերում է շահարկվող վարձավճարի չափին, ապա նշեմ, որ մեկ քմ վարձակալության տրված տարածքի դիմաց վարձատուին վճարման ենթակա միջին ամսական վարձավճարը կազմում է շուրջ 220 դրամ, ինչը յուրաքանչյուր ոք կարող է համեմատել շուկայական գների հետ և եզրակացություն անել: Ի վերջո, խոսքը վերաբերում է սովորական տարածքի վարձակալությանը, և եթե «Սանիթեկը» գտնում է, որ այն հարմար կամ շահավետ չէ, վաղուց կարող էր հրաժարվել այդ պայմանագրից» ,- նշեց Նիկոյանը:

Այն հարցին, թե ինչո՞ւ Մարությանը խոսեց իր մասին, գուցե դա այն նպատակ ունե՞ր, Նիկոյանը պատասխանեց, որ առայժմ չի ցանկանում փակագծերը բացել. « Առայժմ չեմ ցանկանում կարծիք հայտնել քաղաքապետի տրված գնահատականների կամ քաղաքապետարանի գործունեության մասին, որպեսզի որևէ ձևով այն չփոխկապակցվի այս հարցի հետ: Միակ բանը, որ առայժմ կուզենայի ասել, իմ անկեղծ հաջողությունների մաղթանքն է քաղաքային նոր իշխանություններին, քանի որ նրանց հաջողած ցանկացած ծրագիր կլինի Երևանի և յուրաքանչյուր երևանցու հաջողությունը»:

Նույն շարքից