Միանգամայն հնարավոր է, որ Հայաստանում եղանակների տաքացմանը զուգընթաց Ուկրաինայի նման իրադարձություններ տեղի ունենան: Այս մասին փետրվարի 20-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Նրա խոսքով՝ պետք չէ մոռանալ, որ երբ Հայաստանի իշխանությունը Մաքսային միության օգտին ընտրություն կատարեց, Արեւմուտքին հստակ մեսիջ ուղարկեց այն մասին, որ դա ընտրելով խուսափում են հետագա բացասական գործընթացներից:
«Այսինքն, Արեւմուտքը հասկացավ, որ Հայաստանի պետական քաղաքականություն ուղղված է բացասական գործընթացների կանխմանը: Հետեւաբար, Արեւմուտքը պետք է որոշակի բացասական գործընթացների դիմի եւ հայտարարի, որ նույնպես կարող է նպաստել բացասական երեւույթներին:
Դա մենք արդեն տեսնում ենք եվրոպական կառույցներում Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ մենք դեռ էլի բացասական արձագանքներ կունենանք», - նշել է Պապյանը՝ հավելելով, որ այդպիսով Արեւմուտքը ցույց կտա, որ Հայաստանը, միեւնույն է, տուժելու է ԼՂՀ-ի հարցում՝ չնայած ՄՄ-ին անդամակցելը:
Ըստ քաղաքագետի համոզման՝ ակնհայտ է, որ ոչ խորհրդարանը, ոչ ՀՀ քաղաքական իշխանությունները չեն արտահայտում ժողովրդի կամքը: «Եկեք չմոռանանք, որ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուց հետո թանկանալու են շատ ապրանքներ, երկրի համար ընթացիկ տարին շատ դժվար է լինելու տնտեսական առումով: Եթե 15 տարի առաջ ժողովրդի համար առաջնահերթ էր Ղարարբաղի հիմնախնդիրը, ապա այսօր՝ տնտեսական հարցերը», - ընդգծել է Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդամակցության ճանապարհային քարտեզը ստորագրվել էր դեկտեմբերի 24-ին: