Քաղաքականություն 

ՀՀՇ անդամն առաջարկում է, որ Հայաստանի հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը

analitik.am

ՀՀՇ վերածնման նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը առաջարկում է, որ Հայաստանի հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը: Այս առաջարկը նա այսօր` փետրվարի 20-ին արեց Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

«Հիմա հայ-ադրբեջանական սահմաններին կրակում են: Առաջարկեք` որպես պատգամավոր եւ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, որպեսզի օրինակ հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը»,- ասաց Հովհաննես Իգիթյանը` բացատրելով, որ եթե Հայաստանի դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ապա թող իրենց զինվորները պաշտպանեն հայկական սահմանները:

Իգիթյանի այս առաջարկը բանավեճի առիթ դարձավ: «Հենց այնպես առաջարկ եք անում, ես չեմ ընդունում դա, անտրամաբանական է: Լեռնային Ղարաբաղի սահմանները լավագույնս պահպանում են հենց մեր զինվորները»,- նշեց Արտակ Զաքարյանը:

«Չգիտեմ, մի բան առաջարկեք: Իսկ ինչ անվտանգությանն է վերաբերվում, ապա ինչո՞ւ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան Արցախ»,- հակադարձեց Իգիթյանը:

Արտակ Զաքարյանը պատասխանեց հետեւյալը. «Հիմա ի՞նչ, էնքան որ մի բան առաջարկե՞նք, կապ չունի՞ սխալ, թե՞ ճիշտ: Ձեր այս առաջարկը ընդունել չեն կարող: Մենք կարողանում ենք ինքներս մեզ պաշտպանել»:

Նույն շարքից