Քաղաքականություն 

Բակո Սահակյանն ուղերձը Արցախի վերածննդի օրվա առթիվ

analitik.am

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Արցախի նախագահի ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Փետրվարի 20-ը  մեր ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի տոն, որը խորհրդանշում է արցախցիների ազատատենչ ոգին, հայրենի երկրում ազատ ու անկախ ապրելու եւ սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու անսասան կամքը: Այդ օրինական, խաղաղ ու արդարացի պահանջին ի պատասխան Ադրբեջանը սանձազերծեց կոտորածներ ու բռնի տեղահանություններ եւ մեր նորանկախ պետությանը ներքաշեց արյունահեղ պատերազմի մեջ:  Դա չափազանց ծանր ու դժվարին տարիներ էին Արցախի կյանքում: Դիմակայելով անասելի զրկանքների ու փորձությունների, կրելով անդառնալի կորուստներ`  մեր ժողովուրդը պահ անգամ չերկմտեց ու չընկճվեց,  այլ իր քաջ զավակների կյանքի գնով, աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների միասնականության ու սխրանքի շնորհիվ կարողացավ պաշտպանել հայրենի հողը: Հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում եւ սերունդների հիշողության մեջ:

Անցած տարիները եկան ապացուցելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի:   Արցախահայությունը շարունակում է կառուցել միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան ժողովրդավարական պետություն, շարունակում է շենացնել գյուղերն ու քաղաքները, կառուցել նոր ճանապարհներ ու ջրատարներ, բնակարաններ ու հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ, օրեցօր բարելավել մարդկանց կենսապայմանները:

Թանկագին արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն եւ նոր հաջողություններ ու հաղթանակներ` ի փառս մեր հերոսական ժողովրդի եւ Արցախի Հանրապետության»:

Նույն շարքից