Քաղաքական 

Արագածոտնի մարզում վեց փաստաբաններ գրասենյակ չունեն

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին:

Արա Զոհրաբյանի այցելության նպատակը Արագածոտնի մարզպետի հետ մարզի փաստաբանների վիճակի բարելավման խնդիրը քննարկելն էր: Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մարզում կան 12 փաստաբաններ, որոնցից ընդհանուր հաշվով 6-ը չունեն գրասենյակներ:

«Այսօր մեր խնդիրն է մարզերում ուժեղացնել փաստաբանների կարգավիճակը եւ եթե մարզպետարանը օգնի մեզ այդ հարցում, մեր փաստաբանները ամսական մեկ անգամ մարզի բնակիչների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն»,-նշել է Արա Զոհրաբյանը:

Ըստ Զոհրաբյանի՝ տարածքը տրամադրելու դեպքում Փաստաբանների պալատը հանձն կառնի լուծել տեխնիկական հագեցվածության հարցը եւ վերանորոգման աշխատանքները:

Մարզպետ Սարգիս Սահակյանն ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությունը, խոստացել է նաեւ անձնական ներդրում ունենալ այս հարցում եւ հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին տարբերակներ գտնել փաստաբաններին տարածքներ տրամադրելու  ուղղությամբ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը:

Հանդիպման մասնակցել են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստմյանը, նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Զինավոր Մեղրյանը եւ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Նույն շարքից