Հայաստան Քաղաքականություն 

Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում. «Հրապարակ».

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարելի է ասել, լարախաղացի քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով չնեղացնել ոչ հներին, ոչ նորերին և պահպանելով նրանց միջև բուֆերի դերը։ Մի կողմից Նիկոլ Փաշինյանին ու նրա ընտանիքին է ընդունում՝ պատվում, ճանապարհում, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանին՝ հետը նկարվում ու պարում։

Ռոբերտ Քոչարյանի համար է երաշխավոր հանդիսանում, բայց Արարատ Միրզոյանին ու Հայկ Մարությանին էլ վատ չի վերաբերվում։ Իսկ կադրային քաղաքականության մեջ առհասարակ փորձում է «ոչ շիշը, ոչ քյաբաբը» սկզբունքն իրականացնել։ Աշխատանքից ազատում է Վիտալի Բալասանյանին ու Վարդան Բալայանին, բայց անմիջապես էլ ոստիկանապետ է նշանակում Լևոն Մնացականյանին։ Իսկ նախագահի պաշտոնին առաջադրվել պատրաստվող հակառակ ճամբարներում գտնվող անձանց՝ Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Սամվել Բաբայան․․․ խոստանում է որևէ կերպ չմիջամտել այդ գործընթացին և արբիտրի դեր ստանձնել՝ առանց որևէ մեկի կողմն անցնելու։

Բայց անգամ այս հավասարակշռված լարախաղացային ոճը չի գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանն անվերապահ հավատարմության պահանջ է դնում, որտեղ նախկին իշխանությունների օգտին արված յուրաքանչյուր քայլ մերժվում են ի սկզբանե։ Ոչ մի ռևերանս՝ ոչ պարի, ոչ դատարանում երաշխավորության տեսքով նրան դու չի գալիս։

Լավատեղյակ աղբյուրն ասաց, որ, օրինակ, Լևոն Մնացականյանի նշանակումը նա շատ վատ է ընդունել և Բակո Սահակյանի գլխին նոր սև ամպեր են կուտակվում։ Այս նշանակումը ՀՀ վարչապետն ընդունել է որպես կոնկրետ իր դեմ ուղղված քայլ և պատրաստվում է հակաքայլեր ձեռնարկելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից