Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն է տարածել Սոցիալական արդարության համաշխարհային օրվա կապակցությամբ:
«2009 թ-ին Միավորված Ազգերի Կազմակերպության որոշմամբ փետրվարի 20-ը հռչակվեց Սոցիալական արդարության համաշխարհային օր: Ցանկացած պետություն, որ կառուցված չէ սոցիալական արդարության կարեւորագույն սկզբունքի վրա, որտեղ հասարակությունը բաժանված է մի քանի տասնյակ օլիգարխների եւ մնացած քաղաքացիների միջեւ, վաղ թե ուշ վերակազմակերպման հրամայականի առջեւ է կանգնելու: Մեր երկիրը, ցավոք, չնայած Սահմանադրությամբ հռչակված դրույթին, հեռու է սոցիալական լինելուց: Վերջին 23 տարիներին մեկը մյուսին հաջորդող իշխանությունները զբաղվել են Հայաստանը հարստահարելով, գողացել քաղաքացիների՝ բարեկեցիկ եւ արժանապատիվ ապրելու բնական իրավունքը: Հայաստանում գործող վայրի ազատական համակարգը, որ սնում է միայն եւ միայն օլիգարխներին, չի կարող երկար կյանք ունենալ: Օրեցօր ավելի է ուժգնանում սոցիալական լարվածությունը, արտագաղթը, շատերը չեն կարողանում լուծել իրենց հանապազօրյա հացի խնդիրը: Չնայած դրան, համակարգը շարունակում է ավելացնել նոր հարկատեսակներ, միջին խավը որպես այդպիսին գրեթե վերացված է, իսկ ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կենսամակարդակը գնալով ավելի է վատանում:
Այս իրավիճակում ՍԴՀԿ-ն հայտարարում է, որ երկրին օր առաջ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, օլիգարխներին պետք է զրկել երկրի տնտեսությունը կառավարելու մենաշնորհներից: Անհրաժեշտ է իրավազուրկ քաղաքացիների համախմբվածություն՝ ընդդեմ ապօրինությունների, որոնք համատարած են մեր երկրում՝ սկսած հեռավոր 90-ականներից: Սա է օրվա հրամայականը, որը վաղ թե ուշ ի կատար է ածվելու: Երկրի հարստությունը օլիգարխներինը չէ, այլ Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացունը»,- նշել են հայտարարության հեղինակները: