Քաղաքական 

Սերժ Սարգսյանն ընդունել է բրիտանացի խորհրդարանականներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 20-ին ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Ջոն Ուիթինգդեյլի գլխավորությամբ:



Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, գոհունակությամբ արձանագրելով, որ պատվիրակության անդամներից ոմանք արդեն մի քանի անգամ այցելել են Հայաստան, քաջատեղյակ են հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգին եւ իրենց ավանդն ունեն երկկողմ փոխգործակցության զարգացման գործում: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ մեր երկիր առաջին անգամ այցելող բրիտանացի մյուս խորհրդարանականները հնարավորություն կունենան այցի օրերին իրենց համար հնարավորինս բացահայտելու Հայաստանը: «Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների խորացման գործում, իհարկե, ես կարեւորում եմ միջխորհրդարանական համագործակցությունը, բրիտանահայկական խմբի գործունեությունը եւ վստահ եմ, որ այն աշխուժացումը, որ մենք տեսնում ենք վերջին երկու տարիների ընթացքում, արդյունք է նաեւ այդ խմբակցության, մնացած խորհրդարանականների ակտիվ մասնակցության: Իսկ այդ հարաբերությունների խորացմամբ մենք մեծապես շահագրգռված ենք»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:



Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ խորհրդարանականների այցելությունները Լեռնային Ղարաբաղ եւ շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորության այն խորհրդարանականներին, ովքեր եղել են Արցախում, տեղում ծանոթացել ԼՂ պետականաշինության ընթացքին, որը, նախագահի համոզմամբ, կօգնի նրանց բրիտանական հասարակությանը ներկայացնել օբյեկտիվ իրականությունը Արցախի մասին:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել եւ ավելի ակտիվացնել Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության իրենց ջանքերը, որոնք ուղղված են ինչպես հայ-բրիտանական երկկողմ կապերի ամրապնդմանն ու խորացմանը, այնպես էլ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը, Հայաստանի եւ նրա ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը: «Մենք բոլորս՝ Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի այս պատվիրակության անդամներս, ՄԹ խորհրդարանում լինելով տարբեր կուսակցությունների եւ խմբակցությունների անդամներ, համախմբված ենք Հայաստանին աջակից լինելու հարցում եւ մեզ համարում ենք Հայաստանի բարեկամները, ովքեր շարունակելու են իրենց առաքելությունն այս այցից հետո էլ՝ սպառիչ տեղեկությունների արդյունքում ավելի ամբողջական եւ լավ պատկերացումներով»,-նախագահի հետ հանդիպմանն ասել են բրիտանացի խորհրդարանականները:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաեւ հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, հայ-բրիտանական երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագային եւ համագործակցության մտադրություններին ու ծրագրերին, Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին եւ այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության ջանքերին:

Նույն շարքից