Բարի օր Հասարակություն 

Երկուշաբթի օրով ո՛չ մարզպետն էր տեղում, ո՛չ փոխմարզպետը․ Արտաբույնք համայնքի բնակչի տունը փլվում է՝ չեն օգնում

Սուրիկ Գրիգորյանը բնակվում է Վայոց ձորի մարզի Արտաբույնք համայնքում, այս տարվա մայիսի 9-ին հորդ անձրևներից և ուժեղ քամիներից նրա տան տանիքը փլվել է, տունը վթարային է, որևէ կերպ չի կարողանում տան վերանորոգման հարցը լուծել: Նա նախօրեին կրկին եկել էր Վայոց ձորի մարզպետարան`որևէ լուծում ակնկալելու, սակայն այս անգամ մարզպետարանի աշխատակիցներն ուղղորդել էին նամակ գրել, և կցել վթարային տան նկարները. «Երկուշաբթի օրով ոչ մարզպետն էր տեղում, ոչ փոխմարզպետը»:

Analitik.am-ի հետ զրույցում վթարային տան տերը՝ Սուրիկ Գրիգորյանը դժգոհեց, որ հենց մայիսի 10-ին, տանիքի փլուզվելու հաջորդ օրը, եկել է մարզպետարան՝ օգնություն ակնկալելու, սակայն մարզպետը չի ընդունել, անգամ «3-4 անգամ խնդրվելուց հետո», հետո փոխմարզպետն է  ընդունել:

«Մենք գործ չունենք, մենք համայնքապետին պիտի փոխենք, նոր էդ հարցը կլուծենք»: Արտաբույնք համայնքի անտանիք մնացած բնակչին ասել էր փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքում Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, Վայոց ձորի նախկին մարզպետ, ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը վիճաբանել էին, փոխմարզպետը դիմել էր ոստիկանություն: Ոստիկանությունը փոխմարզպետի բողոքի հիման վրա, հայտնվել էր նաև Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սետրակյանը, ով միջամատել էր քաշքշուկին. այս ամենը նկարահանել էր փոխմազպետ Ռազմիկ Տոնոյանը, ով, ինչպես պատմում են տեղացիները, բոլորին նկարելու սովորույթ ունի և նկարահանածը միջադեպից քիչ անց հայտնվել էր մամուլում: Ինչպես երևում է այս միջադեպից հետո փոխմարզպետն «ընկել է» Արտաբույնք համայնքի ղեկավարի հետևից, փորձում է նրան պաշտոնազրկել, իսկ դրա արդյունքում տուժում է համայնքի բնակիչը:

«Իմ տունը հին տուն է, ես բոլորին դիմել եմ`էլ Սերժին, էլ Հովիկին, էլ կառավարություն, որ իմ տունը վթարային է և այնտեղ ապրում է 11 շունչ, որից 3-ն անչափահաս, 3-ը՝ հաշմանդամ, որից մեկը ես եմ»,-ասաց նա և պատմեց, որ այս տարվա մայիսի 9-ին, ժամը 7-ին համայնքում ուժեղ փոթորիկ է բռնել, և քիչ էր մնացել, որ տանիքի կղմինդրն ընկներ թոռնիկի գլխին, սակայն երեխան կարողացել է փրկվել:

«Երկու մեծ տանձի ծառեր, հողին հավասարվավ, մի մեծ պոպք, երեք հոգի գրկի՝ բունը չի հասնի, քոքից հանեց-գցեց: 200 քառակուսի մետր ես տանիք չունեմ, ջուրը գալիս լցվում է տունը»,- ասաց Սուրիկ Գրիգորյանը:

Նա սպասում է, որ փոխմարզպետը պիտի փոխի Արտաբույնք համայնքի ղեկավարին, որից հետո, ինչպես խոստացել է փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը, կօգնեն Սուրիկ Գրիգորյանին, սակայն դեպքերից անցել է մեկ ամսից ավելի, դեռևս Ռազմիկ Տոնոյանն Արմեն Սետրակյանին չի փոխել, իսկ Սուրիկ Գրիգորյանը մնացել է անտանիք:

«Տունս փլվում է, տասը ձևի դիմումներ ենք գրել, մենք հնարավորություն չունենք, թող գան մի հատ օգնեն, մատերիալը վերցրել եմ, տոկոսներով, ճռռում եմ տակը: Այգի-մայգի չունեմ, կա ծառապտուղ՝ կարկուտը, զիբիլը գալիս է՝ ես ոչ մի եկամուտ չունեմ, մի թոշակ եմ առնում 40 000, էդ 9 նաֆարին ո՞նց պահեմ, հիվանդ մարդ եմ, հաշմանդամ: Էդքանից հետո գամ ստեղ հասնեմ, ոնց անենք, ես չեմ դուք եք իմ տեղը»,-ասաց նա:

Սուրիկ Գրիգորյանը Ռազմիկ Տոնոյանին առաջարկություն ունի. «Արի էդ հարցը լուծի՝ համայնքապետը փոխի, ինչ ուզում ես արա, իմ տան հարցը լուծի»:

Սուրիկ Գրիգորյանի վթարային տան առնչությամբ Արտաբույնք համայնքի ղեկավար Արմեն Սետրակյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես այդ օրը՝ մայիսի 9-ին, համայնքում ուժեղ քամի ու փոթորիկ է եղել և վնասվել է շուրջ 30 տուն, ամենից շատը տուժել է հենց Սուրիկ Գրիգորյանի տունը:

Ըստ նրա, մարզպետարանից ոչ ոք գյուղ չի եկել, միայն Եղեգիս խոշորացված համայնքից՝ ճարտարապետը, իրավաբանը, հաշվակներ են արել ու գնացել:

Համայնքապետը նաև հիշեց, որ 2018թ-ին ևս քամին ու անձրևը մեծ վնասներ էին հասցրել համայնքին. «Ծառերը սողանքի հետևանքով ընկել էին ձորակը, Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցները եկել-նայել-գնացել էին, որևէ օգնություն՝ վնաս կրած արտաբույնքցիները չէին ստացել»:

Հարցին, թե արդյո՞ք Արտաբույնք համայնքին մարզպետարանը չի օգնում ապրիլի 27-ի նախկին մարզպետի և ներկա փոխմարզպետի միջև միջադեպի պատճառով, Արտաբույնք համայնքի ղեկավարն ասաց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Եթե զգամ իմ բնակչի հարցն անձնական հարցի հետ են կապում, իրենց հետ հարց կունենանք, բնական աղետ է, մարդը վնաս է կրել, դա բերեն կապեն, որ ում հետ ի՞նչ հարց ենք ունեցել»:

Գոհար Ստեփանյան

  • 98
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    100
    Shares

Նույն շարքից