Քաղաքական 

Սերժ Սարգսյանը մասնակցել է «Երևան Մոլի» հանդիսավոր բացմանը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելեց «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի կենտրոն, որտեղ տեղի ունեցավ կենտրոնի հանդիսավոր բացման արարողությունը:

«Երևան Մոլը» երկհարկանի առևտրի և զվարճանքի կենտրոն է, որը զբաղեցնում է 59.900 քմ ընդհանուր տարածք: «Եվրոպական ստանդարտներով կառուցված կենտրոն է, որի հարկի տակ 120 վարձակալ իրենց գործունեությունն են սկսել».-ասաց գլխավոր տնօրեն Վազրիկ Սեկոյանը՝ ավելացնելով, որ մի շարք բրենդեր մոլի շնորհիվ եկել են Հայաստան:

Անդրադառնալով սեփականատերերին՝ տնօրենը նախ ասաց, որ հանդիսավոր բացման օրը այդքան էական չէ, թե ով է սեփականատերը, հետո պատասխանեց. «Չորս ընկերություններ են բաժնետերերը, որոնցից մեկը տեղական է, մյուսներն արտասահմանյան են: Տեղական ընկերությունը հայ գործարարով է ներկայացված, գործարարը Նորայր Խաչատրյան է»:


Տնօրենի փոխանցմամբ՝ կենտրոնի ընդհանուր ներդրումները կազմում են շուրջ 50 մլն դոլար։

«Երևան Մոլի» ճարտարապետական նախագծերը մշակվել և իրականացվել են «Բրոդվեյ Մալյան» հանրաճանաչ միջազգային կազմակերպության և «Արխանգել» ճարտարապետական ընկերության կողմից: Ինչպես ներկայացրեց կազմակերպության տնօրենը, լոգոտիպի և բրենդային տարրերի մշակման համար կիրառվել է Երևանի հետ ասոցացվող գույները:

«Բոլոր գույները յուրովի ընտրված են, մենք հարուստ ենք մեր տուֆի գույներով, և մենք այդ երանգները փորձեցինք օգտագործել մեր բրենդում»,- ասաց նա:


Նորաբաց առևտրի և զվարճանքի կենտրոնի հանրային բացումը տեղի կունենա վաղը, և ժամը 18:00-ից հետո այն իր դռները կբացի հաճախորդների համար:

Նույն շարքից