Օդեսայում տեղի է ունեցել Ուկրաինայի հայերի միության խորհրդաժողովը, որտեղ համատեղ հայտարարություն է ընդունվել.
«Ուկրաինայի հայերի միությունը միակ կազմակերպությունն է, որը ներկայացնում է Ուկրաինայում ապրող հայերի շահերը, որոնք Ուկրաինայի քաղաքացիներ են: Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի օրենսդրության շրջանակում գործող հասարակական կազմակերպություն է: Այդ պատճառով էլ մենք իրավունք չունենք մեկնաբանել ՀՀ եւ ՌԴ նախագահների զրույցը: Մեր դիրքորշումը երկրի, եւ մասնավորապես` Ղրիմի քաղաքական իրավիճակի մասին մնում է անփոփոխ: Ուկրաինայի հայերը խորապես ցավում են երկրում իրավիճակի սրացման պատճառով եւ գոյություն ունեցող խնդիրները խաղաղ լուծելու կոչ անում: Ուկրաինայի հայերի միությունը հանդես է գալիս հանուն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիության: Սրված հակամարտությունները պետք է լուծվեն ներպետական կառուցողական երկխոսության միջոցով` հաշվի առնելով Ուկրաինայի բոլոր քաղաքացիների շահերը:
Մենք դատապարտում ենք Ուկրաինայի հայերի միության կազմակերպություն-անդամների գործողությունները եւ հայտարարությունները` ցանկացած միակողմանի որոշում ընդունելու վերաբերյալ, որը համաձայնեցված չէ Ուկրաինայի հայերի միության հետ:
ՀԱԵ-ի Ուկրաինայի թեմը աջակցում է Ուկրաինայի հայ համայնքի պահպանմանը, կատարելով իր առաքելությունը` աղոթում Ուկրաինայի բոլոր մարզերում եւ Ղրիմում իրավիճակի կայունացման համար:
Մենք, ինչպես եւ Ուկրաինայի ժողովուրդը, սգում ենք երկրում կատարվող իրադարձությունների ընթացքում գրանցված զոհերի մահը, որոնց շարքում կա նաեւ երկու հայ: Մենք շարունակոմ ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին` մեզ չհեռացնելով էթնիկ ուկրաինացիներից եւ Ուկրաինայում ապրող մյուս ժողովուրդներից»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը միակ համաուկրաինական կազմակերպությունն է, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական կազմակերպությունները, հաղորդում է AnalitikaUA.net-ը: