Քաղաքական 

«Հայազնը» կասկածում է, որ ԲՀԿ-ն փողոց դուրս կգա եւ բարիկադներ կկառուցի

Խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերն ունեն հարյուր հազար ընտրազանգված եւ «Հայազն» կուսակցության մի քանի հարյուր անդամի վրա հույս չեն դնում: Այս մասին այսօր` մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը` ընդգծելով, որ իրենց կուսակցությունը չի միանալու չորս ուժերին:

 

 

«Որպեսզի մենք որեւէ բանի միանանք, ապա պետք է լինի հստակ ծրագիր, թե ինչ է արվելու: Բացի դրանից ժողովրդին մի բան կոչ անելուց առաջ, պետք է պատասխանատվություն ունենալ: Մենք չենք պատրաստվում որեւէ ուժի միանալու: Ոչ ԲՀԿ-ին, ոչ «Ժառանգությանը», որը մարտի 28-ի հանրահավաքի ժամանակ կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին եւ քաղաքացիական նախաձեռնություններին ապրիլի 9-ին միասնական պայքար սկսել: Մենք Րաֆֆի Հովհաննիսյանին, օրինակ, չենք միանալու, նույնիսկ նախագահական ընտրությունների ժամանակ նրան չսատարեցինք»,- ասաց նա:

Ինչ կլինի ապրիլի 28-ից հետո, Արմեն Աղայանը չի շտապում գնահատականներ տալ:

«Գնահատականների մասին նախօրոք խոսելն իմաստ չունի: Քիչ ժամանակ է մնացել ու ինքներս կտեսնենք` ինչ կլինի: Իշխանափոխություն կարելի է համարել, եթե, ասենք, Տիգրան Սարգսյանին փոխարինի Գագիկ Ծառուկյանը, բայց եթե ներկայիս վարչապետին փոխարինի Վիգեն Սարգսյանը, ապա դա տապալված համախմբում կլինի»,- նշեց «Հայազն»-ի անդամը:

 

 

Անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությանը, թե հնարավոր են ժողովրդական ընդվզումներ, Արմեն Աղայանը կասկածի տակ դրեց ԲՀԿ-ի հայտարարությունը. «Ժողովուրդը դուրս կգա ցանկացած բարիկադ կառուցողի հետեւից, եթե իհարկե որեւէ ուժ իսկապես բարիկադ կառուցի: Արդյո՞ք ԲՀԿ-ն իսկապես փողոց դուրս կգա, թե ուղղակի ասում է: Բացի դրանից ինձ համար օրինակ հարց է մնում, թե բարիկադներից հետո ով է գալու իշխանության»:

 

 

Հիշեցնենք, որ մարտի 21-ին ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» փակ նիստ էին հրավիրել, որից հետո հայտարարեցին, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն են բարձրացնելու խորհրդարանում:

Նույն շարքից