Գլխավոր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանը շատ խորհրդանշական հայտարարություն է արել. Գլխավոր դատախազ

analitik.am

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավոր Արմեն Դանիելյանին: Նիստը վերսկսվելու է ժամը 12:30-ին:

Այսօրվա նիստին մասնակցում էր նաև Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Լրագրողների հետ զրույցում նա, պատասխանելով Քոչարյանի հայտարարությանը, թե գործը կարված է, ասաց, որ բոլորի համար է ակնհայտ. «Ի՞նչ կարվածի մասին է խոսքը»:

Դավթյանը նշեց, որ շատ խորհրդանշական է համարում նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի և հատկապես մեղադրյալի հայտարարություն-հորդորդները, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու. «Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի հայտարարություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը: Սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին: Այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»:

Դավթյանի խոսքերով, պաշտպանական կողմը այդ հայտարարություններն անում են ճնշում գործադրելու նպատակով. «Դատական նիստերի ընթացքում դուք նկատում եք նաև պաշտպանական կողմի տակտիկան՝ ասուլիսներ հրավիրել, ամենատարբեր տեղեկատվական հոսքերով բարոյական, հոգեբանական ճնշումներ ներկայացնել: Բայց նրանք մոռացել են, որ պատասխան տալու մասին արտահայտությունը վերաբերում է հանցանք կամ խախտում կատարելու դեպքում պատասխան տալուն: Որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, անհանգստանալու առիթ չունի: Մենք հույս ունենք, որ դատավորն այդ ճնշումներին չի ենթարկվի»:

Հարցին, թե դատավորն արդյո՞ք բարեխղճորեն է կատարում իր աշխատանքը, Գլխավոր դատախազն ասաց՝ եթե իրավախախտում թույլ տրված լիներ, դատախազությունը կխոսեր այդ մասին. «Մենք միտում ենք տեսնում պաշտպանական կողմից գործն արհեստականորեն ձգձգելու մասով: Եթե նկատեցիք, ես դատարանին խնդրեցի արձագանքել դրան՝ այն դիտարկելով որպես իրավունքներից օգտվելու անբարեխիղճ կամ չարաշահման դրսևորում»:

Նույն շարքից