Քաղաքական 

Ես անում եմ ամեն ինչ հանուն մեր պետության. Գագիկ Բեգլարյան

ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կառավարության հրաժարականը ապրիլի 28-ին ԱԺ օրակարգում բերելու ԱԺ 4 ոչ կոալիցիոն ուժերի նախաձեռնությանը, ասաց, թող յուրաքանչյուր մարդ այս երկրում լինի իր տեղում և այս պետության համար մի բան անի, իսկ ինքը՝ որպես գործադիրի անդամ, անում է ամեն ինչ հանուն Հայաստանի Հանրապետության:

 

«Ովքեր իրենց կյանքում քարը քարի վրա դրած լինեն, աշխատանքի իմաստն ու դժվարությունը կհասկանան, և իրենց խոսելու ու հրապարակելու արժեքը կհասկանան»,– ասաց նա:

 

«Յուրաքանչյուր մարդ Սահմանադրությունով իրավունք ունի ամեն ինչ հայտարարել ու խոսել, որի համար ոչ մեկ չի դատապարտում, ես ուզում եմ ասել, որ դա յուրաքանչյուրի իրավունքն է: Ես որպես Կառավարության անդամ իմ տեղում անում եմ ամեն ինչ հանուն մեր պետության, մեր ազգի, իսկ դրա գնահատականը տալիս է ժողովուրդը»,-ասաց նա:

 

Նա լրագրողներին հորդորեց բարձրախոսը պահել Կառավարության հրաժարականը պահանջող բանախոսների առաջ և հարցնել՝ «իսկ Դուք ձեր կյանքում Հայաստանի Հանրապետության համար ի՞նչ եք արել»:

 

«Անկախ նրա պաշտոնից, տեղից ու դիրքից, սոցիալական վիճակից, յուրաքանչյուրը, որ խոսում է, հարցրեք: Սկսեք ինձնից, մտովի եթե հետ գնանք 2002 թվականը, հիշեք Կենտրոն համայնքը, աղբամանները, մաքրությունը, կանաչապատումը, տանիքների ու շքամուտքերի վիճակը ու մտովի գանք այսօր, կտեսնեք՝ ինչ է արել Գագիկ Բեգլարյանը»,– նշեց նա:

 

«Կանաչ տարածքները վերածեցիք սրճարանների: Երբ այսօր Դրամատիկական թատրոն եք գնում, նայեք կողքի պուրակը ու հարցրեք՝ ով է կառուցել այս պուրակը»,-ասաց նա:

Նույն շարքից