«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը, թեև տեսնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կապը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, սակայն ըստ նրա, Քոչարյանի հավանական մասնակցությունը իշխանափոխության գործընթացներին կարող է մահացու լինել «Հայ ազգային կոնգրեսի» համար։
«Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ցանկացած նախկին նախագահ ինչ-որ մի պահից իշխանությունը վերադարձնելու ցանկություն պետք է դրսևորեր և շատ վաղուց դրսևորում է։ Բնականաբար, ԲՀԿ-ի կապերը Քոչարյանի հետ այս առումով դժվար է չնկատել, և այդ հավանականությունը կա, բայց մյուս կողմից դա մահացու կլինի Կոնգրեսի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա և նշեց, թե այս հարցում գուցե ՀԱԿ-ը երաշխիքներ է ստացել Քոչարյանի՝ իշխանության վերադառնալը բացառելու համար։
«Պետք է ՀԱԿ-ը երաշխիքներ ունենար, որ Ռոբերտ Քոչարյան անձը գոնե այդտեղ չլինի, որովհետև «Մարտի 1» կա, նախկին մեղադրանքները կան և այլ խնդիրներ կան, հետևաբար այդ առումով բավական բարդ խնդիր է որևէ ձևով համաձայնությունը։ Այս փուլում, կարծես, Ռոբերտ Քոչարյան չկա, բայց կան ռեսուրսներ, որոնք գուցե նրա հետ կապված են»,- ասաց նա։
Այս առումով Արմեն Աղայանը նկատեց, որ «Հայազնի» դիրքորոշման մեջ նախկին ու ներկա իշխանությունները հավասար շարքի վրա են։ «Լևոն Տեր-Պետրոսյանը հավասար շարքի վրա է Քոչարյանի ու Սարգսյանի հետ և որևէ գաղափարական տարբերություն չենք տեսնում, ոչ էլ երկիրը կառավարելու օրինականության հարցում էական տարբերություն ենք նկատում»,- նշեց նա։