Քաղաքական 

Ավստրալացի պատգամավորը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Քեսաբում

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավորը իր աջակցությունն է հայտնել Սիրիայի Քեսաբ ավանի հայության, այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը՝ վկայակոչելով Դևիդսոնի շրջանի պատգամավոր Ջոնաթան Օ'Դիի հայտարարությունը:

Խորհրդարանի ամբիոնից Օ'Դին հայտարարել է, որ Դևիդսոնում զգալի թվով հայեր կան, որոնք իրենց դրական նպաստն են բերում ավստրալական հասարակությանը: Նա ասել է, որ իր մտահոգությունն է հայտնում «Ալ Քաիդային» առնչվող զինյալների հարձակումների առիթով, որոնց թիրախը Սիրիայի՝ մեծամասամբ հայաբնակ Քեսաբ շրջանն է:

Ավստրալացի պաշտոնյան խոսել է ավերված եկեղեցիների, տների, պատանդների մասին: Օ'Դին նշել է, որ Քեսաբում հիմնականում տուժել են 1915-1923 թթ. ջարդերից տուժածների սերունդները, ովքեր հաստատվել էին այս շրջանում:

Օ'Դին ասել է, որ ընդունում և կիսում է իր ընտրազանգվածի հայ ներկայացուցիչների պահանջը, որ միջազգային հանրությունը սատարի Սիրիայում մարդու իրավունքների ոտնահարման դադարեցմանը:

Ի պատասխան Ավստրալիայի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Վաչե Կահրամանյանը ավստրալահայերի անունից շնորհակալություն է հայտնել Օ'Դին՝ իր դիրքորոշման համար:

Նույն կառույցը դիմել է նաև Ավստալիայի ԱԳՆ՝ պահանջելով դատապարտել Քեսաբի վրա Թուրքիայի հարձակումը և այժմ սպասում է պաշտոնական պատասխանի:

Նույն շարքից