Բարի օր Տնտեսություն 

Լիդիանը պատրաստվում է պաշտպանել իր շահերը իրավական հարթության վրա. Ո՞վ է Լիդիանի ժամանակավոր տնօրենը

analitik.am

«Լիդիան ինթերնեյշնլ»-ը մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարեց գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից Ժոաո Կարրելոյի հրաժարականի մասին։ Կարրելոն Լիդիանի գործադիր տնօրենի պաշտոնում պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի՝ հենց սկզբից հանդիպելով Ամուլսարի փակ ճանապարհների խնդրին։

Անցյալ տարի հուլիսին, երբ Ամուլսարի ճանապարհները դեռ նոր էին փակվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկ այցելեց ու խնդիրը լուծելու փորձ արեց, որը, սակայն,  հաջողության չհասավ: Ջերմուկում կայացած հանդիպման ժամանակ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե իրեն տեղեկացրել են, որ Լիդիանը տնօրենի պաշտոնում է նշանակել միջազգային արբիտրաժի մասնագետի, որպեսզի խնդիրը դատարան տանի։ Դժվար է ասել, թե ով էր նման խորհուրդ տվել Փաշինյանին, բայց բավական անհարմար իրավիճակ ստեղծվեց:

Լիդիանի նախկին տնօրենը ստիպված եղավ հակադարձել, որ ինքը երբեք միջազգային արբիտրաժի չի մասնակցել։ Լիդիանի տնօրենների վերաբերյալ տեղեկությունները բավական հեշտ է գտնել համացանցից։ Դժվար չէր պարզել, որ Լիդիանի հիմա արդեն նախկին տնօրենը հանքարդյունաբերության մասնագետ է, և նրան նշանակել էին մինչև հեղափոխությունը, հավանաբար, հենց հանքի շահագործման նպատակով։ Եվ ահա, նրա փոխարեն ժամանակավոր տնօրենի պաշտոնում է նշանակվել այս անգամ իսկապես միջազգային փորձ ունեցող իրավաբան։

Լիդիանի նախագահի և գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Էդուարդ Սելլերսի կենսագրականը կա Լիդիանի կայքում։ Սելլերսը Black Swan հանրահայտ իրավաբանական և ճգնաժամների կառավարման խորհրդատվական ընկերության նախագահը և գործադիր տնօրենն է, որը անցումային փուլերում գտնվող ընկերություններին մատուցում է ժամանակավոր անկախ կառավարման աջակցություն: Ավելի քան 30 տարի տարբեր խոշոր մասնավոր ընկերություններում զբաղեցրել է տնօրենի, խորհրդատուի և իրավաբանի պաշտոններ:

Սա արդեն հստակ հուշում է, որ Լիդիանը պատրաստվում է պաշտպանել իր շահերը իրավական հարթության վրա ու պատրաստվել է հնարավոր արբիտրաժային վեճի։ Ի տարբերություն անցյալ տարվա, երբ նախկին տնօրենը, որն ի հակառակ Փաշինյանի տեղեկությունների, բոլորովին էլ արբիտրաժի մասնագետ չէր և ապարդյուն խնդրում էր Փաշինյանի կառավարությունից ողջամիտ և ժամանակին լուծում տալ խնդրին։

Նույն շարքից