Ղրիմի թաթարական մեջլիսը հայտարարել է, որ իրավական գործընթացներ է սկսում՝ Ղրիմում թաթարների ազգային-մշակութային ինքնավարության ստեղծման ուղղությամբ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մեջլիսի նախագահ Ռեֆաթ Չուբարովին:
«Մենք լավ ուսումնասիրել ենք ՌԴ-ի սահմանադրությունը և այն հանրապետություններինը, որոնք ՌԴ-ի կազմում են, և նրանցից կպահանջենք ապահովել Ղրիմի թաթար ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարել է Չուբարովը Բախչիսարայում:
Իր հերթին Ռուսաստանի մուֆթիների խորհրդի նախագահ Ռաֆիլ Գայնուտդինովը ասել է, որ ՌԴ իշխանությունները պետք է հնարավորինս արագ քայլեր ձեռնարկեն Ղրիմի թաթարների ռեաբիլիտացիայի ուղղությամբ, քանի որ Ռուսաստանը աքսորված ժողովուրդների ռեաբիլիտացիայի մասին օրենք է ընդունել, իսկ Ղրիմի թաթարները դեռ այդ ժողովուրդների ցուցակում չեն հայտնվել:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն էր ընդունել, որով Ղրիմի թաթարներին երաշխավորվում էր էթնիկ, մշակութային, լեզվական ու կրոնական ինքնատիպության պահպանումը: Իսկ մեջլիսը ճանաչվել էր թաթարական համայնքի գործադիր մարմին: