Հասարակություն 

Ես մինչև հիմա ուզում եմ իմանալ, թե ով է եղել շունշանորդին, որ սպանեց որդուս. Մարտի 1-ի զոհի մոր հուզիչ ելույթը դատարանում

analitik.am

Վերքաննիչ քրեական դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը:
Նիստի ժամանակ ելույթ ունեցավ նաև ներքին զորքերի զինծառայող Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը: Հարությունյանի խոսքերով, եթե ցուցարարներն ինչ-որ տեղ անկարգություններ են արել, ու դրա համար են հրաման տվել կրակել, ապա հասկանալի չէ, թե ինչու են սպանել իր որդուն. «Նա ոչ ցուցարար է եղել, ոչ անկարգություն է եղել, ինչո՞ւ իմ որդին զոհվեց: Նա շարքի մեջ կանգնած է եղել: Ո՞վ եկավ հասավ Լեոյի փողոցը, որ սնայպերը խփեց իմ որդու վիզը կոտրեց»:

Տիկին Հարությունյանը նշեց, որ ժամը 21:30, երբ դեռ իր որդին ողջ է եղել, Քոչարյանը հայտարարել է զոհի մասին: Նա կարծիք հայտնեց, որ դա արել են արտակարգ դրություն մտցնելու համար. «Պարոն Նիկոյանն ասում էր, որ քոռ գյուլան է կպել իմ տղային: Ո՞վ է կրակել իմ զինվորի վրա: Ես 11 տարի պայքարում եմ դա իմանալու համար: Կամ ինչո՞ւ խփեցին, որ արտակարգ դրություն մտցնե՞ն: Ո՞վ է հրաման տվել, որ պետք է զինվոր խփեն: Իմ որդին հետ չի գալու, նա ուսանող էր երկրորդ կուրսի, մեծ ծրագրեր ուներ: Այստեղ կարող էր նստած լիներ, բայց այստեղ չէ: Ես 11 տարի չեմ հասկանում, թե ինչու իմ որդին զոհ գնաց: Ամուսինս չդիմացավ, 2-րդ տարում մահացավ գնաց, ես արդեն 11 տարի է մտածում եմ այս մասին, ինչո՞ւ սպանեցին որդուս: Ես մինչև հիմա ապրում եմ հույսով, որ իմանամ, թե որ շունշանորդին սպանեց, նայեմ աչքերին ու հարցնեմ այդ մասին»:

Հարությունյանի ելույթի ժամանակ նկատելի էր, թե ինչպես են դահլիճում ներկաներից ոմանք հազիվ զսպում արցունքները:

Նույն շարքից