Ռուսաստանը դատապարտում է Սիրիայի խաղաղ բնակչության, մասնավորապես՝ հայերի նկատմամբ ահաբեկչական գործողություններն ու հանցագործությունները, այս մասին տեղեկացնում է Gazeta-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ–ի հայտարարությունը։
Հայտարարությունում նաև նշվում է, որ վերջին շրջանում իրավիճակը Սիրիայում բնութագրվում է կառավարական ուժերի և ապօրինի զինված խմբավորումների կտրուկ սրված դիմակայությամբ:
Հիշեցնենք, որ, մարտի 21-ին «Ալ-Կաիդայի» հետ կապված ծայրահեղական ջոկատները հարձակում են նախաձեռնել Թուրքիայի հետ սահմանային Քեսաբ բնակավայրի վրա, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են:
Ստեղծված իրադրության բերումով Ռուսաստանի ԱԳՆ-ն կարծում է, որ «ծայրահեղականների գործողությունների ակտիվացումը ուղղված է, այդ թվում Սիրիայի քիմիական ապառազմականացման գործընթացը խոչընդոտելուն»:
ՌԴ ԱԳՆ–ը նշում է, որ նման սցենարն անթույլատրելի է, և ՌԴ–ն առաջվա պես պատրաստ է Սիրիայում արնահեղությանը վերջ դնելուն ուղղված իր և իր գործընկերների փոխգործակությանը:
Հակամարտությունից առաջ Սիրիայում 190 հազար հայ էր ապրում: Այսօր նրանց թիվը չի գերազանցում 60 հազարը: