Թուրքական Radikal պարբերականի հոդվածագիր Ֆեհիմ Թաշթեքինն իր սյունակում անդրադարձել է Սիրիայի Քեսաբ ավանի վրա տեղի ունեցած հարձակմանը, քեսաբահայության խնդիրներին և Թուրքիայի կեցվածքին:
Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Թուրքիայի արտգործնախարարությունը ՄԱԿ-ին ներկայացրած դիմումում նշել է, թե սիրիահայերի համար Մարդինում 2.000 հոգու համար նախատեսված ճամբար է նախապատրաստել: Օ՜, որքան հանգստացանք, չեք պատկերացնի: Դրանից առաջ ինձ զանգահարած քրիստոնյա ընկերս հարցնում էր. «Ապրիլի 24-ն է մոտենում, 1915թ.-ի դեպքերի տարելիցի նախաշեմին դարձյա՞լ հայերը…»:
Հետո արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց. «Քեսաբում բախումների ընթացքում Թուրքիայի կողմից ընդդիմադիր ուժերին օգնություն ցուցաբերելու մասին պնդումներն անհիմն են»:
Քեսաբի դեպքերի ֆոնին տարածվեց արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի և ուժային կառույցների ղեկավարների՝ Սիրիայի մասին խոսակցության գաղտնալսումը, որտեղ խոսվում է սիրիական սցենարներից:
Թե սրանք որքանով են ճիշտ, չգիտենք: Սակայն ուրվագծվող պատկերում եթե կրիտիկական դերակատարը Թուրքիան է, իսկ թիրախը՝ հայաբնակ Քեսաբը, այլ պատկեր է ծնվում:
Որքան էլ զինյալները Քեսաբի եկեղեցին պաշտպանելու մասին հայտարարեն, եգիպտոսցի Աբու Քաթեդը Facebook-ի իր էջում տեղադրած լուսանկարի տակ գրություն էր թողել. «Խաչերը հանեցինք: Մեր եղբայրները եկեղեցիները մզկիթի վերածել են ցանկանում»:
Ինչո՞ւ հանկարծ փոխվեց Թուրքիայի քաղաքականությունը
Քեսաբը շրջանի հայաբնակ վայրերից մեկն է՝ Հաթայի Վաքըֆլը գյուղի պես խորհրդանշական: Թուրքիայի կեցվածքը՝ նրանց գրկաբաց ընդունելու վերաբերյալ, հավատ չի ներշնչում: Եթե անկեղծ լինենք, ո՛չ Թուրքիան է հայերի գալը ցանկանում, ո՛չ հայերն են վստահում Թուրքիային: Փախուստի դիմողներն արդեն գնում են այն շրջաններ, որտեղ բանակն է վերահսկում: Պատմության կրիտիկական հանգրվանում ենք, և եթե Քեսաբում ողբերգություն տեղի ունենա, հայտնի է, թե որ պետությունը ստիպված կլինի հաշիվ տալ: Ապրիլի 24-ի նախաշեմին այդ հարցը Թուրքիայի առաջ է դրվելու:
Ինչ-որ մեկը պետք է պատասխանի «Ակօս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշի հարցին. «Մինչև երեկ Քեսաբի վրա հարձակումները կանխող Թուրքիան ինչո՞ւ հանկարծ իսլամիստական խմբավորումների վրա, մեղմ ասած, աչք փակեց»»: