Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ես չեմ հիշում, որ ԼՂ հարցի կարգավորման մասով լավատեսական տրամադրություն հաղորդած լինեմ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Ես անկեղծ ասած չեմ հիշում, որ ԼՂ հարցի կարգավորման մասով լավատեսական տրամադրություն հաղորդած լինեմ: Ես միշտ ասել եմ՝ չպետք է մոռանալ, որ պատերազմն ավարտված չէ, ցանկացած պահի կարող է բռնկվել և իրավիճակի լարում լինել: Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատախսանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, իր համար ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկանում է կիրառել նույն գործիքը, ինչը երկար ժամանակ կիրառել է՝ փորձ անել հարցի կարգավորումը դուրս բերել կառուցողական բանակցային հունից. «Այս գործիքն Ադրբեջանը երկար ժամանակ է կիրառում, իսկ Հայաստանը պետք է դիմակայի դրան՝ նաև Զինված ուժերի պատրաստվածության մակարդակը բարձրացնելով: Մեզ համար դիրքորոշումը հստակ է՝ ՀՀ-ն և Արցախը պատերազմ չեն ուզում, բայց պատերազմի սպառնալիքով որևէ մեկը չի կարող մեզ վախեցնել»:

Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասով Փաշինյանը կարևորեց համապատասխան մեխանիզմների առկայությունը, որոնք թույլ կտան ցույց տալ, թե ով է խախտում ռեժիմը:

ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով խոսել էր թեմայի մասին, ասաց, որ լավատեսությունը նկատել է երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումների ամփոփիչ հայտարարություններից:

Փաշինյանի խոսքերով, Ղարաբաղի հարցը պետք է նայել լայն կոնտեքստով, քանի որ դրան առանձին նայելը միշտ բերելու է սխալ հետևությունների. «Հայաստանի Հանրապետությունը բանակցություններում իր դիվանագիտական ջանքերը շարունակում է մարտի 12-ին Ստեփանակերտում հռչակված սկզբուքնների շրջանակներում: Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մեր դիվանագիտական ջանքերը որոշ ուղղություններով արդյունավետ են եղել: Այսօր կոնկրետ արդյունքների մասին չեմ խոսի, բայց կարծում եմ, որ մեր դիվանագիտությունը սկսում է ավելի ու ավելի արդյունավետ գործել»:

Նույն շարքից