Ռուսաստանում նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանությամբ ավարտված ծեծկռտուքի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Հովհաննես Հայրապետյանին: Վերջինիս հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, արդեն դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով հետախուզում հայտարարել: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն:
Միջադեպի ժամանակ Հովհաննեսը հրազենային վնասվածք էր ստացել: Ինչպես լրագրողի հետ զրույցում հայտնել է վերջինիս փաստաբան Կարեն Ներսիսյանը, չի բացառվում, որ Հայրապետյանը մահացել է վիրավորվելու արդյունքում: Նա չի բացառել է նաև, որ նրան ձերբակալել են, սակայն այդ մասին չեն հայտնում՝ կարծիք հայտնելով, որ քննիչները հնարավոր է սպասում են, որպեսզի կրքերը հանդարտվեն:
Փաստաբանը նաև կարծիք է հայտնել, որ Հովհաննեսի վրա, ամենայն հավանականությամբ, կրակել է սպանված հատուկջոկատայինը, քանի որ միայն վերջինիս մոտ է զենք եղել:
Հովհաննեսը միջադեպին մասնակցել է եղբայրների՝ Համլետի ու Հրանտի հետ, ովքեր այս պահին կալանավորված են: