ՀՀ կենսաթոշակային բարեփոխումների հիմքում ընկած են ավելի քան 50 երկրների փորձը և սեինթեզված է մեր պայմաններին: Սահմանադրական դատարանում շարունակվող «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի սահմանադրականության հայցի քննության ընթացքում պատասխանելով ՍԴ նախագահի հարցերին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
Նա նշեց, որ համակարգի դասական օրինակը համարվում է Չիլիի օրինակը, որից ՀՀ-ն մի քանի դաս է քաղել:
«2006թ-ից հետո տարբեր երկրներում ներդրված այս համակարգը կատարել է որոշակի բարեփոխումներ խուսափելով Չիլիի սխալներից: Լավագույն օրինակ է համարվում Էստոնիան, որն էլ հիմք է հանդիսացել ՀՀ-ի համար: Առաջին դասը, որ Չիլիից քաղել ենք այն է, որ համակարգը ներդնելուց հետո չկար որևէ նվազագույն բուֆեր, որ եթե մարդիկ ինչ-ինչ պատճառներով չէին կարողանում աշխատել, չունեին նվազագույն կենսաթոշակ պետության միջոցների հաշվին: Մեր պարագայում բազային կենսաթոշակի ներդրումը այս հարցի լուծումն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՍԴ–ն այս հայցով առաջին նիստն սկսել էր մարտի 28-ին, սակայն հայցի քննությունը կիսատ էր մնացել և նիստը շարունակվում է այսօր։
Օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի 1-ից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Հայցի հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ՀՀ քաղաքացու սեփականությունը տնօրինելու իրավունքը հակասահմանադրական է:
Ներսես Երիցյանը նաև նշեց, որ Չիլիի երկրորդ սխալն այն էր, որ թույլատրեցին բոլորին կուտակել և մարդիկ, որոնք 5 տարի հետո գնացին թոշակի, պահաջում էին իրենց կուտակումները:
«Դրա համար մենք որոշակի հաշվարկների վրա գտել ենք այն օպտիմալ տարիքը, որից հետո մարդը կկարողանա բավարար կուտակել ու կհասնի այն գործակցին, որը պետք է փոխհատուցենք»,-ասաց նա:
ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը նախ հետաքրքրվեց ԿԲ նախագահի տեղակալից, թե ինչու է ԿԲ-ն ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումից հետո, որոշակի մեկնաբանության ենթարկել որոշումը և կոչ արել բոլոր գործատուներին համապատասխան վճարումները կատարել:
«ԿԲ-ն իրեն նման բան չի վերապահել, որ մեկնաբանի ՍԴ-ի որոշումը, ուղղակի այդ իրավիճակում հայտարարություն ենք արել, որպեսզի որոշակի կարգավորում իրականացնենք: Մենք հայտարարություն ենք արել և այն պարտադիր պայման չի կրել»,- ասաց նա:
ՍԴ անդամը հետաքրքրվեց նաև, թե ինչ ֆինանսական ռիսկեր կարող են առաջանալ առաջիկա ավելի քան 40 տարիների ընթացքում և արդյոք դրանք բոլորը հաշվի են առնված:
«Այո՛, ռիսկեր կան, դրանք չենք թաքցրել, այլ սահմանել ենք օրենքում և նշել, թե ինչպես ենք միջոցառումներ իրականացնելու նման պարագայում: Դրանք անցել ենք փորձաքննություն: Պետք է նշեմ, որ ռիսկերը հավասարակշռված են այն առումով, որ միայն որոշակի գնային տատանումների ռիսկը կարող է էական ազդեցություն ունենալ: Նախատեսված է, որ երեք պորտֆելներ պետք է լինեն 25% բաժնետոմսերի տարբերությամբ, և ցանկացած նոր պորտֆել չի կարող ստեղծվել, եթե առնվազն 15%-ի բաժնեմասի պակասեցում կամ ավելացում չկա մյուս պորտֆելի նկատմամբ: Բաժնետոմսերը այն տատանողական ակտիվներն են, որոնք ռիսկեր կարող են առաջացնել: Բայց ինչ էլ որ լինի, մայր գումարը դուք մշտապես ստանալու եք»,- ասաց ԿԲ ներկայացուցիչը:
Ներսես Երիցյանը վստահեցրեց, որ բոլոր ռիսկերը հավաասարակշռված են: