Հայաստան Քաղաքականություն 

Ռուստամ Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները. Նիկոլ Փաշինյան

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արդարադատության նախարարություն և վերջինիս աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը նշել է, որ պարոն Բադասյանին ճանաչում է որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված և պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: «Վերջին մեկ տարվա ընթացքում պարոն Բադասյանն աշխատել է որպես Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերով՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ: Եվ ես կարևոր եմ համարում, որ այսօր այս վճռական փուլում պարոն Բադասյանը պետք է ղեկավարի Արդարադատության համակարգի բարեփոխումները: Ոչ մի գաղտնիք չկա, մենք այս առումով գտնվում ենք շատ վճռական և իրադարձային փուլում և կառավարությունը, քաղաքական մեծամասնությունն ունի կամք Հայաստանում իսկապես անկախ դատական համակարգ ունենալու գործում: Այդ առումով, շատ կարևոր է, որ Արդարադատության նախարարը լիարժեք տիրապետի իրավիճակին և արդյունավետ քայլերով իրականացնի այն քաղաքական ուղերձները, որոնք հղվում են կառավարության կողմից:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արդարադատության նախկին նախարար պարոն Զեյնալյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Պարոն Զեյնալյանը Հայաստանում չէ և այդ է պատճառը, որ այսօր այստեղ ներկա չէ: Համոզված եմ, որ պարոն Զեյնալյանի ներուժը և փորձը Հայաստանի պետականաշինության գործին ծառայելու հնարավորություն կլինի:

Ըստ էության, դատաիրավական բարեփոխումների ընթացքի մասին այսօր քիչ անց առիթ կունենամ խոսելու Ազգային ժողովում: Չեմ ցանկանում այստեղ շատ մանրամասնել, որովհետև այդ թեմայով տարբեր առիթներով, ձևաչափերով բազմիցս ենք խոսել: Պարոն Բադասյան, ինձ համար շատ կարևոր է նաև, որ պոզիտիվ աշխատանքային մթնոլորտ ստեղծվի և համոզված եմ, որ Դուք ի վիճակի եք նման մթնոլորտ ստեղծել, որպեսզի Արդարադատության նախարարությանը և ընդհանրապես համակարգին մոտիվացնեք պոզիտիվ, կրեատիվ և ինովացիոն ոճի աշխատանքի: Այս առումով Ձեզ և նախարարության բոլոր աշխատակիցներին, մեզ բոլորիս մաղթում եմ հաջողություններ, որովհետև այս գործընթացի նշանակությունը դժվար է գերագնահատել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նույն շարքից