Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ՝ միջազգային հանրության մասնակցությամբ: Ուկրաինայի դիրքորոշումը, որ Ղրիմը եղել է կա ու կլինի ուկրաինական հող, անսասան է: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ «Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա մենք պատրաստ ենք բանակցություններ սկսել: Ղրիմը եղել է, կա ու կլինի ուկրաինական հող՝ անկախ նրաանից կանցի մեկ տարի, հինգ, թե տասը: Միջազգային հարաբերություններում ամեն ինչ այդքան արագ չի լուծվում: Սակայն Ղրիմն ուկրաինական է: Նրանք խոսում են տնտեսության մասի՞ն: Մենք պատրաստ ենք կատարել մեր բոլոր միջազգային պայմանագրերը: Ռուսները ոչ մեկը չեն կատարում»,-ընդգծել է ուկրաինացի վարչապետը, հաղորդում է Ukrinform-ը:
Յացենյուկը հիշեցրել է, որ Ուկրաինան 60 տարվա ընթացքում էական ներդրում է ունեցել Ղրիմի թերակղզու տնտեսության ու ենթակառուցվածքների հարցում:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ թշնամաբար է գործում ՌԴ ներկայիս ռեժիմը, այլ ոչ թե ռուս ժողովուրդը:
«Մենք ռուս ժողովրդի հետ սերտ կապերի մեջ ենք: Ներկայումս մենք որեւէ հարաբերություն չունենք ռուսական ռեժիմի հետ»,-փաստել է Ուկրաինայի վարչապետը: