Հասարակություն 

Ծիրանի մթերումը սկսվել է. գյուղացիները գնից դժգոհ են՝ «Սպայկա»-ն առաջարկում է 500 դրամ մեկ կգ-ի դիմաց

analitik.am

«Սպայկա» ընկերությունը սկսել է ծիրանի մթերումը, որը սկսել է Արարատի մարզի Ավշար, Տափերական, Այգեզարդ, Այգեպատ, Քաղցրաշեն, Նորաշեն համայնքներից: Սպայկան ծիրանի մեկ կգ-ի դիմաց առաջարկում է 500 դրամ:

«Երեկ Այգեպատ գյուղում երկու հոգի էին քաղում, այսօր 20-30 հոգի քաղում են, էն էլ ծառերի վերևի ղյուղերինները, ներքևը դեռ լավ չի հասել, մեր մոտ ուշ է հասնում»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատ համայնքի բնակչուհի Անահիտը:

Նա նաև ասաց, որ գյուղի ժողովուրդը հավաքել էր գյուղապետարանի մոտ և «Սպայկա»-յի առաջարկած 500 դրամի հետ համաձայն չեն, քանի որ ծիրանի սեզոնը դեռ նոր է սկսվում և մի քանի օրից էլ գինը կընկնի, հույս ունեն, որ գոնե 700 դրամով կարող են մթերել:

«Էս տարի ծիրան չկա, քիչ է, իսկ անցած տարի 600-ով սկսեցին, էս տարի 500-ից, մի երկու օրից մեկ է գինը իջնելու է: Չնայած ասեմ, որ «Սպայկա»-ն ամբողջ ծիրանը տանում է, անգամ պոպոքի չափ ծիրանը, մենակ ասում են ճխլված ծիրան չդնենք, իսկ գյուղի ժողովրդին դա հարմար է»,-ասաց Անահիտը, նաև հաղորդեց, որ անհատ ֆուռեր ևս գալիս են և' Այգեպատ, և' տարածքի մյուս գյուղերը, նրանք «20-ից մի ծիրան են տանում», ընտրում են, իսկ մնացածն արդեն մնում է սեփականատիրոջը:

«Էդ անհատների մի մասը, որ 500-ով ջոկած ծիրան են տանում, դալալներ են, շատ են օգտվում մեջը, մեր ծիրանը ծախում են Ռուսաստան տանողներին՝ ավելի թանկ գնով, մեզնից էժան են վերցնում և չեն ուզում, որ մի երկու կոպեկ էլ մենք օգտվենք»,-ասաց նա:

Անահիտը նաև հաղորդեց, որ նախորդ տարիներին Արմաշից անգամ 1200-1300 դրամով էին մեկ կգ-ն տանում, իսկ թե ինչու է այս տարվա քիչ ծիրանին էժան գին առաջարկում, Անահիտը չի հասկանում, ենթադրում էր, որ ավելի թանկ պետք է տանեին՝ չէ՞ որ քիչ է:

«Անցած տարի ծիրանը ծփում էր, իսկ էս տարի ծիրանը փոշոտում չարեց՝ թեթև է»,-ասաց նա:

Հարցին, թե արդյո՞ք ծիրանը որևէ հիվանդություն ունի, ասաց, որ գյուղի ժողովուրդը մինչև այժմ 3-4 անգամ սրսկել է և ծիրանը հիվանդություն չունի, հակառակը, շատ որակյալ ծիրան կա այս տարի, մնում է մի քիչ հարմար գնով տանեն, որ գյուղի ժողովուրդն էլ օգտվեն:

Ըստ նրա, Այգեպատի ժողովուրդը դեռ չի որոշել՝ հանձնել «Սպայկա»-յին, թե ոչ այդ գնով, ֆուռերի սեփականատերերի հետ ևս բանակցում են՝ խելամիտ գնով տանելու համար:

«Մի երկու օրից համատարած կքաղեն, հիմա ուզում են գոնե 700 տան, նոր է ծիրանը, մեկ է ժամ-ժամ ծիրանի գինն իջնելու է»,-ասաց Այգեպարի բնակչուհին:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից